Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ ընդունել ու չեմ ընդունելու ընդդիմության մեղադրանքները հողեր հանձնելու և դավաճանության մեջ․ Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ․ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, 2021 թվականի ընթացքում եղել են և լրջագույն ձեռքբերումներ, և լրջագույն ձախողումներ:

«2021-ի ընթացքում մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է: 44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են 2021 թվականին: 2021-ի մեր հիմնական սիմվոլը գերեզմանատներում անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են և մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տալով այդ հարցի պատասխանը՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար. «Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու ընդդիմության մեղադրանքները հողեր հանձնելու և դավաճանության մեջ: Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Մեղավոր եմ, որ 2018-ին և 2019-ին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, որ միջազգային հանրությունը մեզնից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Նրա խոսքով՝ հողերը հանձնելու դեպքում ինքը գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելու դեպքում հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ. «Սակայն ես ինքս ինձ չկարողացա համոզել, որ դա ճիշտ ճանապարհ է: Այն նույն պատճառով, ինչպես մեր շատ ընդդիմադիրներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ, ինչը կարելի է ձևակերպել այսպես՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական: Ինքս ինձ չկարողացա համոզել, որ կարելի է հանձնել հաղթանակի պտուղները և դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ և ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը»:

Մանրամասն՝ տեսանյութում