Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ չարաշահողը վեր է կենում և մեզ կշտամբում, թե, կոպիտ ասած, ինչո՞ւ ես բանտում չեմ․ դա, իհարկե, մեր բացթողումն է․ Վիգեն Խաչատրյան

ԱԺ այսօրվա ելույթների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարևորեց ՀՌՀ հանձնաժողովի գործունեությունը և նշեց, որ կարևոր է, որ անկախ հանձնաժողովներում աշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ ու նշեց, որ անկախ ասելով նկատի ունեն ոչ միայն կախվածությունը իշխող մեծամասնություններից, այլ նաև բացառել կախվածությունը այլ ազդեցություններից, մասնավորապես՝ տնտեսական կամ քաղաքական։
 
 «Մենք ձեռնամուխ ենք եղել ժողովրդավարական պետության ստեղծմանն ու ամրապնդմանը, համոզված լինելով, որ մենք այդպիսի պետություն չունենք և երկար ժամանակ չենք էլ ունենալու բառիս լայն իմաստով։ Եվ այդ ժողովրդավարական պետության հիմնասյուներից է 4-րդ իշխանությունը», - ասաց Վիգեն Խաչատրյանը և հավելեց, որ իշխանության այդ ուժը դեռևս ազատ չէ և ավելի շատ կախված է  տարբեր ազդեցություններից։
 
 Ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին հաջորդ կաղող թևը, որ մենք ունենք, ըստ Վիգեն Խաչատրյանի, որը թույլ չի տալիս մեզ ծավալվել և ամրապնդել ժողովրդավարական պետությունը, դատական իշխանության թևն է, որը դեռևս օրենքից ու իրավունքից բխող օբյեկտիվ վճիռներ դեռ չի ընդունում։ «Անգամ նրանք ում դա վերաբերում է, նրանք ևս մեզ կշտամբում են, թե բա ո՞վ կա բանտում, եթե այդքան վստահ եք։ Ակնհայտ չարաշահողը վեր է կենում և մեզ կշտամբում է, թե, կոպիտ ասած, ինչո՞ւ ես բանտում չեմ։ Դա, իհարկե, մեր բացթողումն է, որ դատական իշխանության թևը անհրաժեշտ մակարդակով չենք հասունացրել, որպեսզի դա արդյունք տա։ Սա ուղիղ կապ ունի ազատ խոսքի դաշտի հետ», - ասաց Խաչատրյանը։
 
 Եթե հավասարակշռվում է գործադիր իշխանության գործունեությունը, ապա, ըստ Խաչատրյանի, հարց է առաջանում, թե ով պետք է հակակշռի դատական իշխանությանը։ «Ազատ խոսքի իշխանության 4-րդ ճյուղը ունի այդ կոչումը՝ հակակշռել դատական իշխանությանը», - նշեց Խաչատրյանը։

 Խաչատրյանը պատահական չհամարեց դատական իշխանության թևի առողջացման դանդաղումը և կարծիք հայտնեց, որ պատճառը ազատ խոսքի դաշտի «հիվանդ» լինելն է։

 «Մեր առաջնային խնդիրներից է դատական իշխանության բարեփոխումների ավարտը, որին զուգահեռ մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին պաշտպանել ազատ խոսքի դաշտի այդ այլասերված վիճակից, որ մենք այսօր ունենք», - եզրափակեց Վիգեն Խաչատրյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում: