Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ մեկ տասնյակից ավելի նահանգներ օրենքներ են ընդունել իրենց դպրոցներում Հայոց ցեղասպանությունը դասավանդելու մասին. Հարություն Մարության

Վերջերս Լոս Անջելեսի միացյալ դպրոցական կրթական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ 2022 թվականի ապրիլը ճանաչել որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս և վերահաստատել Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը հանրակրթական դպրոցներում: Ինչ բանաձևի մասին է խոսքը։ Այսօր՝ ապրիլի 18-ին, «Արմենպրես»-ի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Civic.am-ը նաև այս հարցն ուղղեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին։  
«Բանաձևերը պարբերաբար են ընդունվում, և դա շատ ողջունելի է։ Շուրջ մեկ տասնյակի չափով նահանգներ օրենքներ են ընդունել, որ իրենց դպրոցական դասավանդման համակարգում Հայոց ցեղասպանության մասին դասավանդելը պարտադիր կետերից մեկն է։ Եվ ես ենթադրում եմ, որ այս որոշումը նույն ծիրի մեջ է։ Օրինակ՝ Մասաչուսեթս նահանգում օրենքն ընդունվել էր նահանգի ղեկավարի մակարդակով, իսկ Կալիֆոռնիայում նման որոշում վաղուց է ընդունված»,-պատասխանեց Հարություն Մարությանն ու հավելեց, որ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սպասվող «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովին ԱՄՆ-ից 2 զեկուցում կլսեն, թե ԱՄՆ հայկական վարժարաններում և թե ընդհանրապես ամերիկյան դպրոցներում ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը։ 
«Եվ Գերմանիայի Բունդեսթագի, և ԱՄՆ կոնգրեսի որոշումներում հստակ գրված է Հայոց ցեղասպանության դասավանդման անհրաժեշտության մասին»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։ 


Նարա Մարտիրոսյան