Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից և կդառնա վարչապետին ենթակա մարմին. նախագիծ

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից և կդառնա վարչապետին ենթակա մարմին. նախագիծ
Հայաստան
21:59, 18 апрель 2022
Ազգային անվտանգության ծառայությունը օրենքի   նախագիծ է հրապարակել, որով  առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին:  Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապաահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ» նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով, և այն նախատեսվում է  ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

 Հիմնավորումից տեղեկանում ենք նաև, որ  ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ։   Այսուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ ԱԱԾ  մասնակցությամբ, և հարկ եղած դեպքում, համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):

 Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է  օրենքի 6.1-ի հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով»:

Մեկ այլ հոդվածով էլ  առաջարկվում է, որ «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով»:

Նախագծով առաջարկվող լրացումներից մեկն էլ վերաբերում է ԱԺ նախագահին։  Ըստ այդմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»։
 
 Նախագծով  սահմանվում է նաև, որ  Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը,   ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ: 

 Նախագծի մասին առավել մանրամասն՝ այս հղումով: