Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես թիկունքը կպահեմ, դուք իջե՛ք․․» 19-ամյա Խաչատուրը հերոսաբար նետվել է ընկերների թիկունքը պահելու և զոհվել

19-ամյա ժամկետային զինծառայող Խաչատուր Միքայելյանը Հրազդան քաղաքից էր։ Ծառայում էր Հադրութում, որտեղ էլ կռվեց և կյանքը զոհեց՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, որը սկսվել էր իր 19-ամյակից ընդամենը 12 օր անց։

Պատերազմից մեկ օր առաջ՝ սիրելի մայրիկի և 7-ամյա քրոջ ծննդյան օրը, Խաչատուրը հասցրել է գեղեցիկ ծաղկեփնջով անակնկալ մատուցել սիրելիներին։ «Ինքը շատ սրտով, ջերմ, ընկերական ու զուսպ տղա էր։ Քրոջը մի այլ կարգի էր սիրում։ Քույրն էլ ասում ա, չասեք ոչ մի վայրկյան, որ եղբայրս չկա», - պատմում է Խաչատուրի հայրը՝ Առնակ Միքայելյանը։

Սեպտեմբերի 30-ին՝ ուսից վիրավորվելով, Խաչատուրը խնդրել է բուժակին վերքը վիրակապել և թույլ տալ մնալ ընկերների մոտ։ Ցավազրկումով շարունակելով մարտը՝ հոկտեմբերի 1-ին  նահանջի հրամանի ժամանակ, առանց վարանելու, շտապել է միայնակ պահել թիկունքն ու այդ ժամանակ էլ հերոսաբար զոհվել է։

«Ըստ ընկերների պատմածի՝ իրենք հետնահանջի հրաման են ունեցել, ու թիկունքը պահող չի եղել։ Խաչատուրն, առանց մտածելու,  ասել ա՝ «Ես կպահեմ,  դուք իջեք»։ Ասում են էդ ժամանակ Մխիթարն ա մոտեցել, (Խաչատուրի ծառայակից ընկերը․՝ հեղ) ու ասել՝ «Ես Խաչիս մենակ չեմ թողնի, իրար հետ կպահենք՝ դուք իջեք»։ Ըստ երևույթին, իրար հետ են պահել ու զոհվել», - պատմում է հայրը։

Առնակի խոսքով՝ ընտանիքը 10 օր փնտրել է որդուն և գտել վիրահատությունից մնացած սպիի միջոցով։ Ընթացքում լսել են, որ Սիսիանի հոսպիտալում է, վիրավոր է, սակայն, մեկնելով  Սիսիան, պարզվել է՝ այդպիսի մարդ չկա այնտեղ։ Հետո դիրքերից են լուր ստացել,  որ տղան դիրքերում է։

«Հուղարկավորության օրը անցնում ա, խաբար ա գալիս, որ երեխան դիրքերում ա։ Հետո կապը կորում ա այդ մարդկանց հետ։ Ուղղակի խնդիրը նրանում ա, որ ում հետ զրուցում ենք, ոչ ոք կոնկրետ իր զոհվելը չի տեսել, բոլորը լսել են», - պատմում է Առնակը։

Ընտանիքը չի հաշտվում որդու կորստի հետ ու նրա մասին միայն ներկա ժամանակով խոսում։ Բոլորը դեռ սպասում են, որ օրերից մի օր հրաշք կկատարվի ու Խաչատուրը տուն կվերադառնա։

 
Սյուզի Սիրականյան