Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունները տեսնում են, որ շարժումը թափ է հավաքում, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը. Վանեցյան

Իշխանությունները տեսնում են, որ շարժումը թափ է հավաքում, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը. Վանեցյան
Հայաստան
12:14, 22 апрель 2022
5-րդ գիշերն է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու շարժմանը միացածները գիշերում են Ազատության հրապարակում։ Ոստիկաններն առ այսօր թույլ չեն տվել, որ վրաններ տեղադրվեն։ Ըստ Վանեցյանի՝ որոշումը քաղաքական է, և ոստիկանությունն ընդամենը կատարում է այդ հրամանը։

«Իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում ոչ թե օր օրի, այլ՝ ժամ առ ժամ, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ուզում եմ ասել, որ դա չի հաջողվելու։ Կրկնում եմ, երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, այսօր ականատես ենք, որ այն մշտապես լի է մարդկանցով։ Այստեղ գալիս են տարբեր քաղաքական հայացքների տեր, տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ, որոնք հասկանում են, որ սա պայքար է հանուն Հայաստանի և հանուն Արցախի, և այստեղ չի կարող լինել որևէ կուսակցական շահ, նեղ խմբի պայքար։ Սա համաժողովրդական շարժում է»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Դիմելով քաղաքացիներին՝ Վանեցյանը կրկին կոչ արեց միանալ համաժողովրդական պայքարին․ «Խնդրում և հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ գիտակցել մեր պայքարի իմաստը, չտրվել մանիպուլյացիաներին։ Սա պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի։ Մենք բոլորս պայքարում ենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երկրի ապագայի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։