Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն «խուսափեց» պատասխանել՝ Վճռաբեկ դատարա՞նն է բարձրագույն մարմին, թե՞ Սահմանադրական դատարանը

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն «խուսափեց» պատասխանել՝ Վճռաբեկ դատարա՞նն է բարձրագույն մարմին, թե՞ Սահմանադրական դատարանը
Հայաստան
11:32, 24 март 2021
Ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

Արմեն Հայկյանցի ելույթից հետո ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց նրան․
«Դուք նշեցիք, որ վճռաբեկ դատարանը բարձրագույն ատյանի դատական հիմնարկություն է, և կա Սահմանադրական դատարան։ Հիմա ո՞րն է ավելի բարձրագույն, կարո՞ղ եք վերջնական պատասխան տալ այդ հարցին, քանի որ դա անընդհատ շոշափվում է»,-հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Սերգեյ Բագրատյանի հարցի՝ Արմեն Հայկյանցը նշեց, որ թեկնածուների երկրորդ փուլն ըստ օրենքի պետք է անցկացվի սահմանափակումներով՝ թեկնածուների ելույթներ և մտքերի փոխանակում, իսկ հարց և պատասխան չի նախատեսվում․ «Ես ներքին համոզմունք ունեմ, որ պատասխանելով հարցերին՝ ինքս իմ մասով թույլ կտամ ընթացակարգի խախտում։ Ձեր հարցին կպատասխանեմ քննարկումից դուրս»,-հավելեց նա։ 

Պատգամավորն արձագանքեց, որ Աժ-ում տրված է հարց ու պատասխանի իրավունք․ «Հիմա մենք դե ֆակտո օգտվենք մեր իրավունքից, դե յուրեն՝ հետո կքննարկենք, հիմա խնդրում եմ հարցին պատասխանեք»։ 
Սակայն Հայկյանցը նշեց, որ այնուամենայնիվ ինքը չի պատասխանում, քանի որ կհակադրվի կանոնակարգ սահմանդրական օրենքի պահանջին։ 

 Ի հակադարձում Հայկյանցի խոսքի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հղում անելով «ԱԺ կանոնակարգ սահմանադրական» օրենքին, նշեց․ «135-րդ հոդվածը սահմանում է պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը՝ ըստ որի երկրորդ փուլի մասով նշվում է, որ եթե առաջին փուլում թեկնածու չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած թեկնածուները և հարցը քննարկվում է  135-րդ հոդվածի կարգով երկու տարբերությամբ»,-ասաց ԱԺ նախագահն ու նշելով տարբերություններն՝ ընդգծեց, որ այնտեղ ներառված չէ հարց ու պատասխանի սահմանափակումը, հետևաբար 135-րդ հոդվածով սահմանված մնացած կարգավորումները՝ այդ թվում հարց ու պատասխանն ուժի մեջ է։ 
 
Նարա Մարտիրոսյան