Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանում Ռուբեն Վարդազարյանին ուղղված հարցերով գործընթացը դուրս է եկել իր տրամաբանությունից․ Արմեն Հայկյանց

Խորհրդարանում Ռուբեն Վարդազարյանին ուղղված հարցերով գործընթացը դուրս է եկել իր տրամաբանությունից․ Արմեն Հայկյանց
Հայաստան
11:43, 24 март 2021
ԱԺ-ում տեղի ունեցավ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը, որին կարող էին մասնակցել առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝   Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։ Արմեն Հայկյանցը, իր ելույթում կարևորելով դատավորների լեգիտիմությունը, նշեց, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը հստակ նշում է, որ դատավորը, ով նշանակվում կամ ընտրվում է սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ, այդքանով ձեռք է բերում իր սահմանադրական իշխանությունը և լեգիտիմությունը։

Անդրադառնալով վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության առաջին փուլին` Հայկյանցը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ պատգամավորների կողմից դատավորի թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձին, այն է՝ Վարդազարյանին, առաջին փուլում ուղղված հարցերով գործընթացը դուրս է եկել իր տրամաբանությունից, քանզի ներկայացնող անձի առաքելությունը դատավորների թեկնածուներին ներկայացնելն էր, որոնց ներկայացնող անձը ի պաշտոնե ավելի լավ է ճանաչում։ «Ես չեմ ժխտում, որ այդ հարցերը, որոնք հնչեցին այդտեղ կարևոր են պետության համար, քանզի կանխավարկածն այն է, որ Խորհրդարանում չի կարող քննարկվել մի հարցը, որը կարևոր չէ, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանականերում։ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգը նման կարևորության հարցերի համար նախատեսված չէր», - ասաց Արմեն Հայկյանցը։

Դիմելով պատգամավորներին` Հայկյանցը հիշեցրեց, որ ընտրության առաջին փուլի ընթացքում պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը իր խոսքում նշել էր, որ թեկնածուներից մեկին անձամբ ճանաչում է, և ծանոթ է իր մասնագիտական և մարդկային որակներին և հարցրեց․ «Բնականաբար ընտրությունը հետագայում կանխորոշվելու է ճանաչելիության այդ աստիճանով։ Ինչու՞ մենք չփորձեցինք կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգային շրջանակներում ներկայացնելու իրավասություն ունեցող անձին առաջադրել այնպիսի հարցեր, որոնք ավելի կբացահայտեին թեկնածուների մարդկային, բարոյական, մասնագիտական հատկանիշները»։ Եզրափակելով իր ելույթը՝  Հայկայնցն ասաց, որ նման ընթացակարգային, ուղեծրային խախտման պարագայում այն ժողովրդավարական լեգիտիմության փոխանցումը, որի մասին խոսում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, մեզ մոտ դառնում է դեֆորմացված, քաղաքականացման վտանգով պայմանվորված, իսկ այն հնարավորությունը, որ կարող է փոխանցվել հնարավոր ընտրվող թեկնածուին, դառնում է դեֆեկտային լեգիտիմություն։