Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստավորում չանցած ուսուցիչը «իքս» պահին չի աշխատելու դպրոցում, ուսուցիչն ինքը պետք է որոշի իր աշխատավարձի չափը․ Նիկոլ Փաշինյան

Ատեստավորում չանցած ուսուցիչը «իքս» պահին չի աշխատելու դպրոցում, ուսուցիչն ինքը պետք է որոշի իր աշխատավարձի չափը․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:38, 28 апрель 2022
Կառավարությունը ապրիլի 28-ին որոշում է ընդունել, որով հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը։

Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում  դասավանդողների իմացության աստիճանի պարզումն է և դրա արդյունքում, ըստ տվյալ ուսուցչի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է:

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի մայիսից, 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի 200.000 ՀՀ դրամ հավելավճար սահմանելու դրույթը՝ փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառումներից ելնելով։

Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնդիրների կարգավորումն է, կարգում առկա բացերի ավելի հստակեցումն ու կարգավորումը:

Նշվում է նաև, որ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և  հավելավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000  ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում  ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:

Դրույքաչափի փոփոխությունը 2022 թվականի մայիսից կիրառելի է նաև 2021 թվականին ատեստավորված և հավելավճար ստացող ուսուցիչների համար։

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: