Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021-ի սուբվենցիոն ծրագրով Զանգակատուն և Արտաշատ համայնքի բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը

2021-ի սուբվենցիոն ծրագրով Զանգակատուն և Արտաշատ համայնքի  բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը
Հայաստան
22:26, 28 апрель 2022
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ համայնքի Զանգակատուն և Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը։

Վարդաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվում բնակչության 95 %–ը, առկա ոռոգման ջրատարը, խողովակները գտնվում են վթարային վիճակում, ինչի հետևանքով առաջանում է 50% ջրի կորուստ։

Ծրագրի արդյունքում վերակառուցվում է 500 մետր երկարությամբ ոռոգման համակարգը, ինչն էականորեն կբարելավի շահառուների սպասարկման որակը, հնարավոր կլինի ապահովել համայնքի 40 տնտեսության զբաղվածության խնդիրը։Վարդաշենում իրականացվող ծրագրի արժեքը շուրջ 17 միլիոն դրամ է, որից 55%-ը պետության մասնաբաժինն է, 45%–ը՝ համայնքի։

Զանգակատուն բնակավայրում էլ կառուցվում է 1300 գծամետր երկարությամբ ներքին ոռոգման ցանց։

Բնակավայրի Հարավային թաղամասի ոռոգման ներքին ցանցն անցկացվել է 1985 թվականին։ Այն գտնվում է վատթար վիճակում, ջրի կորուստը հասնում է 70%–ի։

Ջրի մեծ կորուստների հետ կապված վերոնշյալ թաղամասի ոռոգման կազմակերպումը գրեթե անհնարին է դարձել, ինչի հետևանքով էլ 90% պտղատու այգիները մնացել են անջրդի։ Ջրի ահռելի կորստի հետ կապված խախտված է նաև ամբողջ բնակավայրի ոռոգման ժամանակացույցը։

Նոր ոռոգման ցանցի կառուցումը հնարավորություն կտա առանց կորստի ոռոգել հողատարածքները, ինչպես նաև կվերացնի ջրի կորուստների հետևանքով առաջացած մնացյալ խնդիրները։

Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է՝ պետություն–համայնք 70%-30% հարաբերակցությամբ։