Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր
Հայաստան / Տնտեսություն
21:49, 29 апрель 2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի եւ տարածքների պատասխանատուների հետ քննարկեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաեւ ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ,  ինչպես զեկուցեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է  հաղթահարել կազմակերպված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։

«Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը ոռոգվել են առանց ուշացումների։ Այսօրվա դրությամբ ոռոգման վարձավճարների գանձումը հասցրել ենք մոտ 95 տոկոսի։ Այս տարի էլ պետք է կարգավորենք բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները, հաղթահարենք ի հայտ եկած դժվարությունները,  որպեսզի կազմ ու պատրաստ լինենք ոռոգման շրջանի մեկնարկին ու ընթացքին։ Ջրամատակարարման քսան կետերում նախորդ տարում կառուցվել է ջրաչափական դիտակետեր, որտեղ այս տարի տեղադրվելու է ջրաչափական ֆիքսող սարքերը։ Իրականացված ծրագրերի արդյունքում նախատեսում ենք ավելացնել մեր հաշվեկշռում առկա ոռոգելի տարածքները՝ այն հասցնելով մինչեւ 2100 հեկտարի։ Նախորդ տարվա մեջ Լանջաղբյուրի «Թիվ 1» ջրամբարում հարամի էր բացվել, որի վերականգնման համար մեր ընկերությանը սուբսիդիա էր հատկացվել 3,5 միլիոն դրամի չափով։ Շինարարական աշխատանքներն այս ուղղությամբ սկսել ենք անցած աշնանը, որն արդեն ավարտել ենք, եւ այժմ ջրամբարում իրականացվում են   ջրալրման աշխատանքներ ։ Ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 25 միլիոն դրամ, որը 5 միլիոն դրամով ավելի է 2021 թվականին տրամադրված միջոցներից։ Դա մեզ համար հնարավորություն է ստեղծում՝ ի հայտ եկած խնդիրները  ժամանակին շտկելու, ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար։ Այս պահին, պայմանավորված ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի փոփոխությամբ, նոր պայմանագրեր ենք կնքում ջրօգտագործողների հետ։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում նորոգում ենք ներտնտեսային եւ միջտնտեսային ոռոգման ցանցերը, իրականացնում  խորքային հորերի մաքրման ու նորացման, պոմպակայաններում տեխնիկական խնդիրները կարգավորելու աշխատանքներ։ Նախորդ տարիներին կուտակված պարտքերից այդ տարի հավաքագրել ենք 3,5 միլիոն դրամ։ Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի  արդիականացման ուղղությամբ այս տարի ՀՀ կառավարության եւ «Եվրասիական զարգացման բանկի» համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Արդիականացվելու են Ծովինարի «Մեծ առու», Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին ոռոգման ջուր մատակարարող «Մանասի առու» եւ Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքները։ Երեք ծրագրերի նախագծերն էլ հաստատված են արդեն, առաջիկայում կձեռնարկվեն շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։

Մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը եւ «Գեղարքունիք» ՋՕԸ-ին հանձնարարեց՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու, նախորդ տարիներից կուտակված պարտքերը նվազագույնի հասցնելու, ոռոգելի տարածքների մակերեսներն ավելացնելու, ապօրինի ջրօգտագործումները կանխելու ուղղությամբ։

«Նախորդ տարիների համեմատ այս տարի գրեթե կրկնակի անգամ ավելացել են ոռոգման համակարգերի արդիականացման սուբվենցիոն ծրագրերի հայտերը: Վստահ եմ, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ  նվազագույնի կհասցվեն մատակարարվող ոռոգման ջրի կորուստները, կավելանան ոռոգելի տարածքները։ Մենք եւս մեկ քննարկում կունենանք ոռոգման մեկնարկից առաջ, որպեսզի որեւէ չկարգավորված հարց չմնա մեր օրակարգում»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։