Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ըստ առաջնահերթության կկատարվի զինծառայողների տվյալների բազայի թվայնացում»․ Տիգրան Ավինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը ասաց, որ հետպատերազմյան շրջանում ակնհայտ խնդիր կա տվյալների կառավարման, փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև՝ մարզերի ու մայրաքաղաքի համադրելիության հետ։ «Ինչպե՞ս է հնարավոր դա ավելի մատչելի դարձնել՝  առանց այն էլ դժվար կացության մեջ հայտնված մարդկանց համար», - հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցին ի պատասխան ասաց, որ Ուլնեցու կենտրոնում զբաղվում են անհետ կորածների, գերիների փաստաթղթերի և այլ հարցերով եւ հավաքագրումը կատարվում է փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացումն ավելի ընդհանրական գործընթացներին է վերաբերում։  

«Իհարկե հիմնական գործընթացի պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է, սակայն ամբողջական աջակցությունը կառավարական համապատասխան բոլոր մարմիններից է ՊՆ-ն ստանում։ Այսինքն՝ մենք ունենք տվյալների տարբեր բազաներ, որոնք փոխգործակցության հարթակով արդեն իսկ իրար միացված են, և շատ դեպքերում մենք կարող ենք բազաներն այդ հարթակի միջոցով օգտագործել»,- մանրամասնեց Ավինյանը։ Վարչապետի տեղակալն ասաց, որ հարցերն ըստ առաջնահերթության կստանան լուծումներ։ Դրանց թվայնացումը ևս կկատարվի աստիճանաբար։