Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցավոք սրտի պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈՒ 30-ները կիրառել իրենց նշանակությամբ և հզորությամբ»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ալեն Սիմոնյանը վարչապետին հարցրեց ՍՈՒ 30-ների մասին, մեջբերելով վարչապետի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի հայտարարությունը, որտեղ Փաշինյանը նշել էր, որ ՍՈՒ 30-ները մարտական խոցումով վարժական թռիչքներ են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռները գրոհային գործողության համար, ապա հիշեցրեց Փաշինյանի՝ վերջրես կատարած մեկ այլ հայտարարության մասին, որտեղ վարչապետը ասել էր, որ մենք ՍՈՒ 30-ները ձեռք ենք բերել, սակայն, այո՛ չենք հասցրել ձեռք բերել հրթիռները և խնդրեց մեկնաբանել այս երկու հայտարարությունների միջև հակասությունը, որոնք վերջերս ակտիվորեն տարածվում էին մամուլով։ 

«Ուզում եմ միանգամից ասել, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա։ Նախ արձանագրենք, որ ՍՈՒ 30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից զենքեր են, բայց այդ զենքը այդպիսին է իր ամբողջության մեջ՝ իր հրթիռներով և սարքավորումներով, և ակնհայտ է, որ ինքնաթիռի և տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ձեռք են բերվում տարբեր սուբյեկտներից», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց, որ ինքնաթիռները Հայաստան են եկել անցած տարվա մայիսին և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ ու օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են։ «Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործան վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունը ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները։ Եվ այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում և այն ինչ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում։ Ցավոք սրտի պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարվորություն կտային ՍՈՒ 30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», - ասաց վարչապետը։