Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես պաշտոնապես նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի պահպանմանը․ Կարեն Անդրեասյան

Ես պաշտոնապես նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի պահպանմանը․ Կարեն Անդրեասյան
Հայաստան
13:05, 06 май 2022
«Ես պաշտոնապես իմ անունից, նախարարության անունից, բայց ոչ կառավարության անունից, քանի որ չեմ ճշտել դեռ, ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելում բարեփոխումների իրականացմանը»,-այսօր մայիսի 6-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

Սակայն, նախքան իր տեսակետն արտահայտելը Կարեն Անդրեասյանը խորհրդի ու հանձնաժողովի անդմաներից փորձեց ճշտել՝ արդյոք նրանք կողմնակից են Հայստանում խորհրդարանական, թե կիսանախագահական կամ նախագահական մոդելին։ 

Խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը դժվարացավ միանշանակ պատասխանել, թե որ ձևին է կողմ, նշելով․ «Կառավարության ձևի խնդիրը խորքային հարց է, պետք է ծանր ու թեթև անել ռիսկերը՝ թե իրավական, թե քաղաքական, որովհետև դրանից կախված էլ սահմանադրական բարեփոխումների ընթացքը ֆունդամենտալ փոփոխվելու է»։ 

Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծեց, որ ինքը կողմնակից է խորհրդարանական կառավարաման ձևին: Թե որն է հիմնական տարբերությունը խորհրդարանական կառավարման ձևի և կիսանախագահական ու նախագահական ձևերի՝ խորհրդի անդամը նշեց, որ դա այն է թե ով է գործադիր իշխանության ղեկավարը․ «Խորհրդարանական կառավարման ձևում վարչապետն է, ով ընտրվում է խորհրդարանից, իսկ նախագահական, կիսանախագահական ձևում գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, ով ընտրվում է առանձին ընտրություններով։ Եվ այս պարագայում նախագահը կարող է լինել այլ քաղաքական ուժից, քան խորհրդարանի մեծամասնությունն է։ Եվ կիսանախագահական ու նախագահական մոդելում կա ռիսկ, որ գործադիր իշխանության ղեկավարը և խորհրդարանի մեծամասնությունը լինեն տարբեր քաղաքական ուժերից և ըստ այդմ որոշակի իրավիճակներում գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև լինի առճակատում՝ կոնֆլիկտ»,-ասաց Իոսաննիսյանն ու հավելեց, որ քանի որ Հայաստանը եթե ոչ պատերազմական՝ ապա սահմանային լարված իրավիճակում է՝  կարող է առճակատումը թանկ արժենալ․ «Մեկ տարի առաջ քաղաքական ճգնաժամ հաղթահարեցինք, իսկ եթե լիներ կիսանախագահական կամ նախագահական կարող էինք և չհաղթահարել»։ 

Խորհրդի անդամներից Վիգեն Քոչարյանն ու Տիգրան Եգորյանն էլ նշեցին, որ քննարկումներ պետք է լինեն այդ հարցի շուրջ և արագ քվեարկությունների կողմնակից չեն։  

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ ընդգծեց, որ ինքը հակված է նրան, որ Հայաստանում շարունակվի խորհրդարանական կառավարման ձևը։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ կողմ են նախագահական կառավարման ձևին։
Խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը կողմ էր խորհրդարանական կառավարման մոդելին, բայց նրա խոսքով՝ այդ համակարգը պետք է տա հնարավորություն, ոչ միայն ընտրել վարչապետին, այլև նախարարներին, դեսպաններին և իրականացնի այլ վերահսկող գործառույթներ։ 
Կարեն Անդրեասյանն ամփոփելով խորհրդի անդամների տեսակետները, նշեց, որ 11 խորհրդի անդմաներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվեցին հայտնել դիրքորոշում, 4 խորհրդի անդամներ կողմ արտահայտվեցին խորհրդարանական մոդելին, իսկ 1 անդամ նախագահական մոդելին։ Խորհրդի նախագահն ընդգծեց, որ այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում։

Հանձնաժողովի անդամներից Լուսինե Հակոբյանն անդրադառնալով երկրի կառավարաման ձևին՝ ասաց, որ կառավարման ձևերը պարտադրվել են ժողովրդին և իրենք պետք է հնարավորություն տան ժողովրդին արտահայտվելու։ 

Հանձնաժողովի այլ անդամները ևս ընդգծեցին, որ հանրությանը պետք է մասնակից դարձնեն այս քննարկումներին։ 

Հանձնաժողովի անդամն Անահիտ Մանասյանն էլ շեշտեց, որ իր նպատակը հանրային ակնկալիքը լսելն է և տեսնել՝ ինչպես կարելի է դա համադրել մասանգիտական լուծումներին։