Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերից սկսած արդեն 3000 քաղաքացի օգտվել է արցախցիներին հյուրընկալելու ծրագրից, իրավաբանական անձինք ևս կարող են դիմել․ Զառա Մանուչարյան

Դեկտեմբերից սկսած արդեն 3000 քաղաքացի օգտվել է արցախցիներին հյուրընկալելու ծրագրից, իրավաբանական անձինք ևս կարող են դիմել․ Զառա Մանուչարյան
Հայաստան
16:20, 25 март 2021
 2020թ․ դեկտեմբերից մեկնարկել է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների և Արցախի վերահսկողության ներքո գտնվող, բայց բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ընտանիքներին հյուրընկալող այն քաղաքացիների փոխհատուցման ծրագիրը, որոնք իրենց անունով ունեն անշարժ գույքի սեփականության վկայական։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դեկտեմբեր ամսից սկսած՝ միջինը 3000 քաղաքացի է կարողացել օգտվել հյուրընկալի ծրագրից և ներկայումս ընթացիկ վճարումները շարունակվում են։ 

«Պարզապես նախքան վճարումը նախարարությունը մի քանի կոմպոնենտ է ճշտում, և հնարավոր է վճարման գործընթացը մի քիչ երկար տևի։ Կոմպոնենտներից մեկն այն է, որ  հյուրընկալվող անձը պետք է ստանա Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող անձանց համար նախատեսված 300․000 դրամ աջակցությունը, որ հաստատվի անձը հաշվառում ունեցել է այդ համայնքներից մեկում։ Իսկ երկրորդ կոմպոնենտը՝ պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառով արցախցիների վնասված բնակելի անշարժ գույքի համար տրվող 250․000 դրամ աջակցության ծրագրից օգտված լինելն է։ Այս երկու ծրագրերից պետք է օգտված լինի, որպեսզի կարողանա հյուրընկալվի Արցախցու կամ Հայաստանցու մոտ և դառնա ծրագրի շահառու»,-պարզաբանեց նախարարի մամուլի խոսնակը։ 

Զառա Մանուչարյանի խոսքով՝ նախարարությունը բացի այս կոմպոնենտները ճշտելը նաև Կադաստրի կոմիտեից է ճշտումներ անում՝ արդյո՞ք հյուրընկալող անձը իր անունով ունի անշարժ գույքի սեփականության վկայական։ Եվ այդ ամբողջ գործընթացների ավարտից հետո նոր հյուրընկալող ընտանիքները ստանում են փոխհատուցումը։ 

Նշենք, որ այսօր Կառավարության որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Արցախի վերահսկողության ներքո գտնվող, բայց բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ընտանիքներին հյուրընկալող անձանց փոխհատուցման ծրագիրը և այն դարձավ վեց ամսյա։ Իսկ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալողների ծրագիրը ի սկզբանե էր վեց ամսյա։ Կառավարության այսօրվա որոշումից հետո երկու ծրագրերն էլ ունեն նույն ժամանակահատվածը։ 
«Այս ծրագրերից կարողանում էին օգտվել ֆիզիկական անձինք, իսկ օրեր առաջ Կառավարությունը հաստատել է իրավաբական անձանց վերաբերող նախագիծ, որով աջակցություն կստանան նաև իրավաբանական անձինք։ Բոլոր ծրագրերի դեպքում չափորոշիչները նույնն են՝ հայաստանցի հյուրընկալը ստանում է 30․000 դրամ, իսկ արցախցին, որը հյուրընկալում է արցախցուն՝ 45․000 դրամ։ Ներկայումս մեկնարկում է իրավաբանական անձանց համար դիմումների մեկնարկման փուլը»,-եզրափակեց Զառա Մանուչարյանը։
 
Նարա Մարտիրոսյան