Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է ԼՀԿ պատգամավորի հայտարարությունը․ «Ադրբեջանից փոխանցումները» իրականում Արցախի՞ց են

Դատախազությունն ուսումնասիրում է ԼՀԿ պատգամավորի հայտարարությունը․ «Ադրբեջանից փոխանցումները» իրականում Արցախի՞ց են
Հայաստան
18:04, 25 март 2021
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար:

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ պատգամավորի հայտարարությունը դատախազությունն ուսումնասիրում է։

«Հայտարարության հնչելուց անմիջապես հետո դատախազությունը արձանագրել է այն եւ մուտքարգրվել է դատախազություն, ներկայումս գտնվում է ուսումնասիրվության փուլում։ Հետագա ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք», - ասաց Գոռ Աբրահամյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ փոխանցումները Արցախից են եղել, որովհետեւ Արցախից փոխանցումները չի բացառվում, որ Համաշխարհային բանկում արձանագրել են «փոխանցումներ Ադրբեջանի տարածքից», Աբրահամյանն ասաց․ «Հայտարարության մեջ հնչել են արտահայտություններ, որ Ադրբեջանից են փոխանցումները եղել։ Այս պահի դրությամբ մենք գործ ունենք հայտարարության հետ, ուսումնասիրության արդյունքում, եթե բավարար համարվեն հիմքերը՝ դրանք կուղարկվեն մանրամասները պարզելու ուղղությամբ ստուգողական համապատասխան գործողություններ կատարելու։ Այս պահին Ձեր ասած հարցին անդրադառնալը խիստ վաղաժամ է»։

Հիշեցնենք, որ Արմեն Եղիազարյանը հայտարարել էր, որ համաձայն համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ «Համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար», - ասել էր նա։

Գեղամ Ադյան