Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Անի համայնք

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ  այցելել է Անի համայնք
Հայաստան
23:00, 16 май 2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ  մայիսի 16-ին աշխատանքային այց է կատարել է Անի համայնք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ հատվածի աշխատանքներին։ «Շիրակի մարզպետը դիտարկել է փողոցի ջրահեռացման խնդիրը, թերացումը շինարարը խոստացել է վերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Լանջիկ բնակավայրում բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։

Անի համայնքը 2022-ին ևս մի շարք սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է ինչպես ասֆալտապատման, այնպես էլ խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են Մարալիկի մեքենատրակտորային պարկում, որտեղ առկա 9 միավոր տեխնիկան ձեռք է բերվել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ 205 մլն դրամի շրջանակներում, գումարի 95 տոկոսը տրամադրվել է հիմնադրամի միջոցներից, 5 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության աջակցությամբ, ձեռք է բերվել Էքսկավատոր բեռնիչ և ինքնաթափ բեռնատար՝ 51 մլն 216 հազար դրամի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային այցն ավարտվել է Լանջիկի համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա խորհրդակցությամբ։


«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար կարևոր է անձամբ լինել բոլոր բնակավայրերում, հետևել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, զրուցել ու լսել բնակիչների մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, ֆիքսել առաջնային հիմնահարցերը և պետական միջոցների հատկացման ժամանակ, ռեալ դատելով առաջանայնություններն ու խնդիրները, հատկացումներն իրականացնել նպատակային։ Մեր բնակիչները պետք է զգան, որ օբյեկտիվ ու հոգատար է վերաբերմունքը մարզի բոլոր բնակավայրերի հոգսերի թեթևացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ամփոփելով այցը՝ խորհրդակցության ընթացքում մարզպետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, վերջում հանդիպել բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։