Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորից գործ վերցնելն ու մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է․ Դավիթ Հարությունյան

Դատավորից գործ վերցնելն ու մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է․ Դավիթ Հարությունյան
Հայաստան
15:39, 26 март 2021
Դատավորների նկատմամաբ ճնշումների տարբեր դրսևորումներ կարող են լինել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը։

«Նշանակման օրվանից փորձել եմ և աշխատում եմ դատավորի երդմանս համապատասխան աշխատել և որևէ ճնշում ի համար նշանակություն չունի։ Ճնշումներ, բնականաբար կարող են լինել և լինում էլ են, սակայն, կոնկրետ իմ դեպքում, ես ասում եմ՝ այնպիսի ճնշումների, որի համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, իմ հանդեպ չի եղել»,-ասաց դատավորը։

Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծին, Դավիթ Հարությունյանը նշեց․ «Ես չեմ կարծում, թե այդ նախագծի հեղինակները խորը իրավաբանական գիտելիքներ ունեն կամ գոնե հետազոտություն են իրականացրել այդ նախագիծը կազմելիս։ Ոչ միայն ես, ապա իմ գրեթե բոլոր գործընկերները համակարծիք են այդ հարցում, ոչ միայն դատավորները, այլև փաստաբանները, նույնիսկ եթե չեմ սխալվում, Արդարադատության նախարարությունը բացասական կարծիք էին տվել այդ նախագծի մասին։ Մասնավորապես մի հանգամանք նշեմ, որ բոլորիս պարզ լինի․ նախագծի սկզբնական տարբերակում տարանջատում էր արված, թե գործերը կարող են վերցվել և Դատական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն տրամադրվեն ուրիշ դատավորների։ Բնականաբար այդ ձևակերպումները քննադատության չեն դիմանում, ինչևէ, դրանից հետո փոփոխության ենթարկվեց, երկրորդ ընթերցմամբ մեկ այլ տարբերակ ընդունվեց, անցումային դրույթներում մնաց՝ ձևակերպվելով, թե մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել այնպիսի դատավորների, որոնք երևի թե ի վիճակի են կամ ունեն հմտություններ, առավել բարդ գործեր քննող դատավորների»,-ասաց նա։

Դատավորը նշեց, որ իհարկե կան մասնագիտացումներ ու ենթամասնագիտացումներ՝ անչափահասների գործեր քննող, կիբերհանցագործությունների գործեր քննող դատավորներ․ «Սակայն առավել բարդ գործեր քննելու կատեգորիա, տարանջատում․․․ ուղղակի սա մեկնաբանման չի դիմանում, որևէ քննադատության չի դիմանա, թե դա ինպիսի բնորոշում է, ինչպիսի դասակարգում է։ Հետագայում, եթե ուժի մեջ մտնի այդ դրույթը, ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբևէ կարող է այդպիսի ձևակերպմանը համապատասխան դատավորներին տարանջատել»։

Դավիթ Հարությունյանի խոսքով, եթե այս պայմաններում գործ վերցվի իրենից՝ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի․ «Դատավորից գործ վերցնելն ու մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է, արդարադատության միջամտություն»,-ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը Կրակեմ Հրաչ մականունը կրող Հրաչյա Հարությունյանի որդին է։