Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ նախկին պետի հայցադիմումը հետ է վերադարձվել՝ հայցատեսակի ոչ ճիշտ լինելու պատճառով. դատավոր

«ԳՇ պետին ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչելու ինձ ուղղված հայցադիմումը հետ է վերադարձվել, քանի որ կայացվել է հայցադիմումը վերադարձնելու որոշում այն հիմնավորմամբ, որ ընտրված հայցատեսակը ոչ  ճիշտ է, իսկ դատավորն ունի պարտականություն ոչ ճիշտ հայցատեսակի պարագայում մատնանշել ճիշտ հայցատեսակը և վերադարձնել։ Դրանից հետո իրենց իրավունքն է՝ կարող են շտկած վերադարձնել հայցադիմումը, կարող են չհամաձայնել ու վերաքննիչ բողոք տանել»,- այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Լիանա Հակոբյանը։

Դատավորը տեղեկացրեց, որ մինչ այս պահը իր գրասենյակը բողոք չի ստացել, և, ըստ էության, հայցվոր կողմը ցանկանում է ճշտել պատշաճ հայցատեսակի առումով Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումը, և ապա վերաքննիչ բողոք ներկայացնել։
 
Անդրադառնալով լուրերին, որ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ եղել են ճնշումներ՝  Լիանա Հակոբյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ․ «Ցանկացած ճնշում դատավորի նկատմամբ, բնականաբար, անօրինական վարքագիծ է։
Կա դատավոր, որը կարող է ունենալ կամ չունենալ ներքին անկախություն։ Եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, կարծում եմ՝ որևէ լծակ, որևէ իշխանության ճյուղ չի կարող իր վրա ճնշում գործադրել», - հավելեց նա։
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։