Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությանը պատճառված 308 մլն 652 հազար դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

Պետությանը պատճառված 308 մլն 652 հազար դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ
Հայաստան
12:34, 20 май 2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը)  և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Նախաքննության ընթացքում քննիչի կողմից իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000 քմ և 3500 քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010 թ. փետրվարին և 2011 թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308 652 000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է: