Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելուն որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել, ՀՅԴ-ն ձեռնպահ է եղել

Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելուն որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել, ՀՅԴ-ն ձեռնպահ է եղել
Հայաստան
18:19, 26 март 2021
Արցախի խորհրդարանի բոլոր պատգամավորները, բացի ՀՅԴ-ից, կողմ են քվեարկել Արցախի «Լեզվի մասին օրենքում» փոփոխություն կատարելու նախագծին, ինչի արդյունքում ռուսերենը կդառնա պաշտոնական լեզու` գրական հայերենին զուգահեռ: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՀՅԴ պատգամավոր Արթուր Մոսիյանը: 

Արթուր Մոսիյանը հավելեց, որ այս նախագծին ոչ մեկը դեմ չի քվեարկել, իսկ ՀՅԴ պատգամավորները ձեռնպահ են մնացել. «Մենք առաջարկ էինք ներկայացրել հանձնաժողովին` լավարկելու օրենքը, որպեսզի ռուսերենը ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային լեզու լինի Արցախում` հաշվի առնելով, որ այստեղ կան խնդիրներ գրագրության հետ կապված, սակայն մեր առաջարկը մերժվեց առանց պատճառաբանության: Առաջարկը մեր ֆրակցիայից Վահրամ Բալայանն էր ներկայացրել»: 

Պատգամավորը պարզաբանեց, որ օրենքի հեղինակների հիմնական հիմնավորումներից մեկն այն էր, որ ռուս խաղաղապահների հետ գրավոր համագործակցության անհրաժեշտություն կա, որը պետք է ռուսերեն լեզվով իրականացվի, և ՀՅԴ պատգամավորներն էլ ասել են` այդ դեպքում թող աշխատանքային լեզու լինի, ոչ թե պաշտոնական, սակայն հանձնաժողովը մերժել է: 

«Երեկ` մարտի 25-ին, Արցախի ԱԺ նիստն էր, նախագիծն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց, որովհետև մեր ԱԺ կանոնակարգ օրենքով` օրենքի փոփոխությունները կարող են մեկ ընթերցմամբ ընդունվել»,-հիշատակեց Արթուր Մոսիյանն ու նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից, և այն արդեն ուղարկվել է Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանին, որպեսզի վերջինս ստորագրի:

Արցախի խորհրդարանում 33 պատգամավոր է, որից 3-ը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամներն են:

Արցախի Սահմանադրությամբ գրված է, որ պետական լեզուն հայերենն է, իսկ պաշտոնական լեզուն` գրական հայերենը, օրենքն ուժի մեջ մտնելու պահից արդեն պաշտոնական լեզու կդառնա նաև ռուսերենը: 
Հիշեցնենք, որ «Լեզվի մասին օրենքում» փոփոխություն կատարելու նախագծի հեղինակներն էին Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արամ Հարությունյանն ու «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը։ 
 
Նարա Մարտիրոսյան