Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է կարմիր գիծ քաշվի ու կապիտալը մաքրվի․ Ում առաջինը կվերաբերի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը

Պետք է կարմիր գիծ քաշվի ու կապիտալը մաքրվի․ Ում առաջինը կվերաբերի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը
Հայաստան
19:00, 26 март 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ի վերջո  ստորագրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, որի մեջ ընդգրկված օրենքներով կանոնակարգվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և սնանկության վարույթների հետ կապված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ  2020 թվականի սեպտեմբերի 3-ից գործարկվեց  ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախօրեին հայտարարեց, որ ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրության սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ի գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություն, որոնք ընթացքի մեջ են։

 Նշենք, որ օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։

Օրենքի ընդունումից առաջ էլ, հետո էլ մտահոգություններ էին հնչում, թե դրա կիրառումը կարող է ազդել բիզնես միջավայրի վրա, խանգարել հնարավոր  ներդրումներին և այլն։

 Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը  չի կարծում, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառումը կարող է ազդել բիզնես միջավայրի վրա, քանի որ դա վերաբերում է կապիտալի այն աղբյուրներին, այն տեսակներին, որոնք իրենց ծագումնաբանությամբ խնդրահարույց են․ «Կապիտալը սիրում է ցածր ռիսկեր, իսկ ռիսկերից մեկն էլ կոռուպցիան է։ Հիմա, եթե այս փուլում չմարքրվեց դաշտը և կապիտալի այն սուբյեկտները, ովքեր իրենց կապիտալը դիզել են շատ կասկածահարույց ճանապարհով, իհարկե, իրավիճակը կշարունակվի։ Բայց անհրաժեշտություն կա, որ կարմիր գիծ քաշվի և կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակաշրջանի վերջը տրվի։ Կապիտալը պետք է մաքրվի։ Հետևաբար որքան էլ այս օրենքը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից անհրաժեշտ է, որպեսզի համաներումների պրակտիկա կիրառվի։ Հարկավոր է  ողջամտության սահմաններում երկուսն էլ կիրառել», -ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ մտահոգություն ունի, որ իշխանության կողմից ավելի շատ բռնագանձումային, բոլշևիկյան մոտեցումներ կցուցաբերվեն։   Բայց նման դեպքերում՝ նման օրենքները կացնային մեթոդներով կիրառելու դեպքում, տեղի կունենան կապիտալի արտահոսք։
Տնտեսագետի խոսքով միջազգային պրատիկայում, նաև եվրոպական միության, եվրահանձնաժողովի համապատասխան որոշումները, կոնվենցիան թույլ է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում  նման օրենք կիրառել, նման քաղաքականություն վարել, բայց մեր իրավիճակը կրկնակի արտակարգ է  և պետք է շատ զգուշորեն կիրառել այս օրենքը․ «Ինչպես ասում են՝ պետք է 10 չափել, մեկ կտրել։ Պետք է բացառել այս օրենքի միջոցով քաղաքական օպոնենտների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը», -ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ միայն ժամանակի ընթացքում կերևա, թե  ինչ մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառվում, բայց միանշանակ է, որ  կապիտալի սեփականատերերը պետք է հնարավորություն ունենան վիճարկելու  որոշումը, պաշտպանվելու։
 
Իրավաբան Արտաշես Խալաթյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ընդհանուր առմամբ տեղավորվում է  անցումային արդարադատության և վեթինգի գաղափարի շրջանակներում, երբ պաշտոնատար անձանց գույքային դրությունը և ընդհանրապես խոշոր սեփականատերերի գույքային դրությունը ենթարկվում է որոշակի ստուգման։ «Ես կարծում եմ, որ Հայաստանում շուրջ 30 տարի, կամ մի քիչ պակաս ժամանակահատվածում ձեռք է բերվել մեծածավալ գույք, որը էապես աղճատել է  Հայաստանում տնտեսական հարաբերությունների բնույթը, ստեղծել է  որոշակի անհամամասնություններ սեփականության հարաբերություններում, ձևավորվել է խոշոր սեփականատերերի մի խավ, որը փաստացի տիրապետում է երկրի հաստության կեսից ավելին, որոնք որ, ըստ էության, հիմնականում զբաղեցրել են պետական պաշտոններ և իրենց եկամուտների օրինականության հետ կապված կան ողջամիտ  կասկածներ։ Եվ քանի դեռ այդ կասկածները չեն փարատվել, այդ սեփականության լեգիտիմությունը մնալու է կասկածի տակ և հենց այդ ապալեգիտիմ սեփականության առկայությունն է, որ վնասելու է  շուկայական հարաբերություններին, նպաստելու է ստվերի ծավալի աճին, բերելու է նրան, որ  խոշոր սեփականատերերը, զգուշանալով   իրենց ակտիվների իրականա  չափի  բացահայտումից, ներդրումներ չեն անելու Հայաստանում և գերադասելու են իրենց ֆինանսական միջոցները դուրս հանել երկրից», -ասաց Խալաթյանը։ Մեր զրուցակցի խոսքով, եթե այս օրենքը ոչ խտրական, բարեխղճորեն կիրառվի՝ կնպաստի մեր տնտեսական միջավայրի բարելավմանը և սեփականության լեգիտիմության բարձրացմանը։

 Անդրադառնալով օրենքի կիրառմանը, հնարավոր չարաշահումներին՝ Խալաթյանն ասաց, որ գույքի ապօրինի լինելու մասով վերջնական որոշումը դատարանն է կայացնում։ Այսինքն դատական վերահսկողությունն այն կարևոր ֆիլտրն է, որը թույլ կտա հնարավորինս խուսափել  չարաշահումներից, որոնք կարող են լինել․ «Այսինքն կա դատական վերահսկողության ինստիտուտ, կա բողոքարկելու ինստիտու՝ ընդհուպ ՄԻԵԴ։ Այսինքն բոլոր  ֆիլտրերով անցնելուց հետո չի կարող մնալ որեւէ կասկած այս կամ այն որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ», -ասաց իրավաբանը՝ հավելելով, որ օրենքի վերաբերյալ հնարավոր մտահոգություններն ավելի շատ քաղաքական են և փորձում են օրենքը դեռ չկիրառած ստվեր գցել դրա վրա։  
Արտաշես Խալաթյանն ասաց, որ այս օրենքի  տարբեր մոդիֆիկացիաներ լայնորեն կիրառվել են թե արևելյան եվրոպայում հետկոմնիստական շրջանում, թե շարունակում են այս կամ այն ձևով կիրառվել Իտալիայում, Շվեյցարիայում։ Իսկ Հայաստանում ընդունված այս օրենքը հենց միջազգային լավագույն փորձի իմպլեմենտացիան է եվրոպայի խորհրդի, ԱՄՆ-ի աջակցությամբ։ «Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը ևս ուշադրությամբ կհետևի, որ օրենքը իրականում ծառայի իր նպատակին», -եզրափակեց մեր զրուցակիցը։

Արփի Հարությունյան