Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ՝ ժամը 22.35-ին, ԱՄՆ տիեզերակայանից Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը. ՀՀ վարչապետ

2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, ԱՄՆ տիեզերակայանից Space X տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: «Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն»,- հավելեց նա:

Վարչապետի խոսքով՝ մեր հիմնական նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Նա ընդգծեց, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան:
«Երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: ՀՀ առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և դա է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Կատարված աշխատանքը տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,- ամփոփեց ՀՀ վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում: