Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյունաբերական ձեռնարկությունները կմտնեն էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա, էժան կգնեն էներգիան, և դա կազդի արտադրանքի գնի նվազման վրա

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվել է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այլևս չի հանդիսանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարը։ Շուկա են մտել այլ ընկերություններ, որոնք թեպետ լիցենզիա են ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, սակայն նրանց առաջարկած գները չի վերահսկում հանձնաժողովը։ Գործում է նաև էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որտեղ, օրինակ, կարող է սպառողը էլեկտրաէներգիա գնելու հայտ ներկայացնել և ստանալ գնային առաջարկներ արդեն իսկ լիցենզավորված մատակարարներից։  

Էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը համակարգվում է պետական ոչ առևտրային կազմակերպության՝ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Ընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ազատականացման նպատակն այն է, որ առաջին հերթին արդյունաբերական ձեռնարկությունները մտնեն շուկա և ավելի էժան գնով ձեռք բերեն էներգիան, ինչն էլ բնականաբար կազդի արտադրանքի գնի նվազման վրա։  

Մեսրոպ Մեսրոպյան. «Շուկան աստիճանաբար ենք ազատականացնում, որպեսզի ավելորդ ռիսկերից խուսափենք։ Էլեկտրաէներգիան ապրանքի մի տեսակ է, որը չի պահեստավորվում առայժմ մեծ քանակներով. ինչ արագությամբ արտադրվում է, այդ արագությամբ պետք է վաճառվի։ Եվ հետևաբար շուկայի նոր մասնակիցները, մատակարար ընկերությունները կամ մեծածախ առևտուր անող ընկերությունները, որոնք գրանցվել են շուկայում, և հենց իրենցով է ՀԷՑ-ի մենաշնորհը վերանալու, իրենք երբ արդեն մտնեն շուկա և սկսեն գործողություններ անել, պետք է արդեն իրենց խմբերում ունենան պայմանավորվածություններ սպառողների հետ, որպեսզի հենց էլեկտրաէներգիան գնեն, կարողանան վաճառել»։ 

«Հաշվարկային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ այս պահի դրությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիա ստացած ընկերություններից 2-ը՝ «Էներէքս» և «Էներջի Սփլայ» ընկերությունները, արդեն էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում առևտուր են անում՝ իրենց խմբերում նոր սպառողներ ու արտադրողներ են հայտնվում, կա նաև որակավորված սպառող, որը կրկին հանդես է գալիս առանձին խմբով, և դինամիկան աստիճանաբար աճում է։ 

Մեսրոպ Մեսրոպյան. «2023թ. փետրվարի 1-ից էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին և տարեկան մեկ միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, այդ սպառողները, որոնք մոտ 20-ն են մեր տնտեսության մեջ, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան»։  

Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից էլեկտրաէներգիայի ազատականացման ծրագրի դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023թ.-ից պետք է մտնեն ազատականացված շուկա։ Դասընթացներին մասնակցում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ», «Նաիրիտ գործարան» «Վեոլիա ջուր» և այլ ընկերություններից։  

ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյան. «2023թ.-ից ամեն տարի յուրաքանչյուր կարգավորումով նախատեսված սպառողական խումբ կմտնի շուկա։ Վերապատրաստում անցնում են այն սպառողները, որոնք առաջնահերթ են մտնելու շուկա։ Առաջին տարին նախատեսում ենք շուրջ 2 տասնյակին մոտ սպառողական խմբի մուտք ազատական շուկա։ Բոլորը վերապատրաստվելու են ցանկության դեպքում, և բոլորի վերապատրաստումը նշված ծրագրի շրջանակում լինելու է անվճար»։   

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության պատասխանատու Մուրադ Սարգսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունն էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի առաջին մասնակիցն է։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության պատասխանատու Մուրադ Սարգսյան. «Մենք էլեկտրաէներգիայի խոշոր սպառող ենք՝ տարեկան 60-65 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա ենք սպառում, և ինչքան էժան լինի էներգիան, մենք այնքան ֆինանսական միջոցներ կտնտեսենք ջրաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար»։ 

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ երբ իրենք առաջին անգամ հայտ են ներկայացրել ազատականացված շուկա, եղել է մեկ առաջարկ ավելի էժան գնով, և «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ առիթից օգտվել է՝ Գավառի իր հացառատ պոմպակայանում էներգիան սպառելու նպատակով մեկ օր այդ ձևով էլեկտրաէներգիա է ստացել։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության պատասխանատու Մուրադ Սարգսյան. «Բայց մեր հայտը մենք ամեն օր թարմացնում ենք, նորից ենք տալիս, և եթե լինի առաջարկ՝ մենք անմիջապես այդ գնով կգնենք էլեկտրաէներգիա։ Կիլովատտի հաշվով մոտավորապես մեր օգուտը կազմել է 3 դրամ, որը ընդհանուր առմամբ քիչ չի, և եթե այս ուղղությամբ մենք շարժվենք, և շուկան ազատականացվի, դա կստեղծի մրցակցություն, և կշահեն արտադրական ձեռնարկությունները»։ 

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն ընդգծեց, որ այս պահի դրությամբ սպասում են ազատականացված շուկայի մատակարարների առաջարկներին՝ իրենց համակարգի տասը պոմպակայաններում էլեկտրաէներգիա սպառելու համար։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության պատասխանատու Մուրադ Սարգսյան. «Մենք պատրաստ ենք գնել երկարաժամկետ, բայց, ցավոք, այս պահի դրությամբ շուկայում այդպիսի հնարավորություններ՝ ձեռնտու առաջարկներ չկան։ Մի բան էլ ասեմ. այստեղ մենք էլ խնդիր ունենք՝ մեր էլեկտրաէներգիայի սպառման համակարգը, մասնավորապես հաշվիչները՝ բոլորը պետք է այնպիսի վիճակի բերենք, որն ուղղված է նաև մյուս կողմին։ Մենք պետք է համապատասխան կերպով մեր էներգետիկ տնտեսությունը հարմարեցնենք նոր պայմաններին, որը ենթադրում է որոշակի ժամանակ»։ 

Էլեկտրաէներգա արտադրող Երևանի ջերմաէլեկտրակայանը, ինչպես նաև մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններ արդեն իսկ մտել են ազատականացված շուկա։ Սակայն մատչելի էլեկտրաէներգիա արտադրող խոշոր կայանները, օրինակ՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիային» պատկանող ՀԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրաէներգիան առավել մատչելի է, դեռևս չեն մտել ազատականացված շուկա։ 
 
ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյան. «Շուկայի ազատականացման առաջին փուլում նախատեսվում է, որ խոշոր կայաններից  արտադրվող էլեկտրաէներգիան, ինչպիսին ատոմակայանինն է, ինչպիսին հիդրոէներգետիկ ռեսուրսից առաքվող Սևան-հրազդանյան կասկադինն է, այո, պետք է գնա վերջնական սպառողների համար նախատեսված շուկա։ Նշված էլեկտրաէներգիայի վաճառք սկզբնական փուլում չի նախատեսվում, դա կլինի աստիճանական և այնպիսի քայլերով, որ անցումն ազատ շուկային կդարձնի անցնցում»:

Սեդա Շահինյանի խոսքով՝ առավել մատչելի ռեսուրսներից ստացվող էլեկտրաէներգիան պահելու են վերջնական սպառողների՝ բնակիչ բաժանորդների սպառման համար, որպեսզի հնարավոր լինի դեպի շուկա ազատականացման սկզբնական փուլում մեղմել վերջնական սպառողների հնարավոր սակագների բարձրացումը։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյան. «Ոչ բոլոր փոքր ՀԷԿ-երն են, որ ազատ շուկայում են գործում, ազատ շուկայում գործում են միայն այն ՀԷԿ-երը, որոնց գնման երաշխիքը օրենքով նախատեսված ավարտվել է։ Դա հիդրոէլեկտրակայանների պարագայում 15 տարին է, այսինքն՝ այս պահին մենք ազատ շուկայում ունենք միայն այն ՀԷԿ-երին աշխատող, որոնց 15 տարի ժամկետը արտադրության լիցենզիան ստանալուց հետո լրացել է։ Մնացած բոլոր հիդրոէլեկտրակայանները դեռևս կշարունակեն գործել ՀԷՑ-ի հետ պայմանագրերի տիրույթում»:   

ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան, քանի որ  ՀԷԿ-երը ջրի հոսքի էներգիան են փոխակերպում էլեկտրաէներգիայի, մինչդեռ ՋԷԿ-երում օրգանական վառելիքի, օրինակ՝ գազի այրման ջերմությունն է փոխակերպվում էլեկտրաէներգիայի։  Ազատականացված շուկայում ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը։ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ՋԷԿ-երը համակարգի համար շատ մեծ դերակատարում ունեն, և ազատականացումը ոչ բոլոր ՋԷԿ-երին է վերաբերում և ոչ ամբողջությամբ։ 

ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյան. «Երևանի ՋԷԿ-ը համարվում է հավասարակշռող էլեկտրակայան, այսինքն՝ գնում է համակարգում ավելացած էլեկտրաէներգիան և անհրաժեշտության դեպքում վաճառում է, իսկ առևտրին մասնակցելու հնարավորություն ունի փոքր ծավալներով։ Հրազդան ՋԷԿ-ի սակագինը բավական բարձր է, բայց այս տարվա սկզբին և նախորդ տարեվերջին Վրաստանից պահանջարկ կար հենց Հրազդան ՋԷԿ-ի սակագնով էլեկտրաէներգիայի։ Եթե մենք միջհամակարգային կապեր ունենք, դա խոչընդոտ չի, այսինքն՝ նույնիսկ եթե մեր համակարգում այդ պահին տվյալ սակագինը համարվում է թանկ էլեկտրաէներգիա, Վրաստանում կամ հարևան այլ երկրներում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի պահանջարկ և ուղղակի առաքվել, որի փորձն արդեն ունեցանք տարեվերջին»։
 
Էլեկտրաէներգիայի շուկայի այս բարեփոխումն ունի երեք հիմնական ուղղություն՝ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացում, էներգամատակարարման դիվերսիֆիկացում, Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացում։ 

 
Նարա Մարտիրոսյան
 
Մանրամասն՝ տեսանյութում