Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես կանեմ ամեն բան, որ իմ երկիրը չտխրի ու չլքվի»․ անմահացած զինվորի դպրոցական խոստումը


«Ես՝ որպես Հայկ Նահապետի արժանի ժառանգ, կանեմ ամեն բան, որ իմ երկիրը չտխրի ու չլքվի, որ ազատ շնչի ու շարունակի իր հաղթական ուղին»։  

Դեռևս դպրոցական տարիներին այսպիսին էր պատերազմում անմահացած ժամեկտային զինծառայող Նարեկ Հովհաննիսյանի տված խոստումը՝ իր հայրենիքին։

Նարեկ Հովհաննիսյանը ծառայել է Մարտունի 2 զորամասում, իսկ պատերազմական գործողություններին մասնակցել է Մարտունիում և Ֆիզուլիում։ Նարեկը մեծ վնասներ է տվել հակառակորդին՝ խոցելով մի շարք զին տեխնիկա։ Ընկերները պատմում են, որ հաշվարկներից միշտ Նարեկն է աչքի ընկել և վերջին խոսքը միշտ նրանը եղել։ Հրամանատարները նրա հետ են խորհրդակցել՝ ինչ-որ բան պլանավորելիս։

Նարեկը սեպտեմբերի 27-ից հոկտմեբերի 16-ը կռվել է Մարտունի 2-ում, իսկ 16-ին նրան տեղափոխել են ֆիզուլի, որտեղ էլ հոկտմեբերի 24-ին զոհվել է։

«Երբ պետք է տեղափոխվեին Ֆիզուլի, ինքը ողջ տաք հագուստը, հիգիենայի պարագաները դատարկել ա պայուսակից ու միայն պատրոններ լցրել։ Ընկերներն ասել են՝ ի՞նչ ես անում, մեզ տաք հագուստը պետք ա գալու, ասել ա դուք չգիտեք, պատրոններն ավելի պետք են մեզ», - պատմում է Նարեկի քույրը՝ Ռուզաննան։

Նարեկը, պատերազմի առաջին օրը զանգելով ընկերոջը, նրան է փոխանցել իր Ինստագրամյան էջի տվյալները և խնդրել, որ ընկերը  իր անունից պարբերաբար նամակներ գրի ծնողներին, որ նա լավ է։
«Նենց լավ ստում էր, թե ամեն ինչ ընտիր ա, ամեն ինչ լավ ա։ Երբեք չէր ստել, էդ մի ամիսը նենց ստեց, չհասկացանք։ Մի օր ձայնը չդողաց», - ասում է Նարեկի մայրը՝ տիկին Նանոն։

Մոր խոսքով՝ որդին զոհվել է վիրավոր ընկերներին օգնության հասնելու ժամանակ։ 
«Երբ պետք ա իրեն Մարտունուց տեղափոխեին Ֆիզուլի, նա հնարավորւթյուն ունեցել էր խուսափելու, բայց չէր փախել։ Հոկտմեբրի 16-ին զանգ եկավ իր համարից։ Շատ արագ էր խոսում՝ ժամանակ չուներ։ Ասեց՝ ինձ տեղափոխում են Սաք, քեզ եմ ասում, տնեցիքին բան չասես։ Ասում եմ՝ Նար, վերջնական ես որոշե՞լ,  բա՝ հա, գնում եմ, ուր էլ լինի գնում եմ», - պատմում է Նարեկի հորեղբոր որդին՝ Սարգիսը։ 
Նարեկը դեռ դպրոցական տարիքից պարբերաբար պատերազմի թեմայով բանաստեղծություններ է գրել և հաճախ մեջբերումներ արել։ 
Քույրը՝ Ռուզաննան պատմում է, որ 15 տարեկանում՝ հորեղբոր աղջկա հետ նամակագրության ժամանակ լիովին այլ թեմա քննարկելիս, Նարեկը հանկարծակի գրել է հետևյալ տողերը․ «Ամեն մեկս մեր ցավը պտի մղկտանք։ Ամեն մարդ իր հայրենի՛քը պիտի պաշտպանի, որ մեր ազգը․․մեր ազգը հզորանա»։

«Լիովին ուրիշ թեմայից են իրենք խոսելիս եղել, իսկ ինքը միանգամից սա ա գրել ու մենք չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ ա իր մտքով անցել, ի՞նչ ա զգացել, որ էս ամեն ինչը գրել ա։ Գուցե զգացել ա՝ ինչ պիտի հետագայում իր հետ լինի»,- ասում է հերոսի քույրը։

Նարեկ Հովհաննիսյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 28-ին՝ Մուսա Լեռան պանթեոնում։


Սյուզի Սիրականյան