Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են». ՀՀ վարչապետ

«Կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են». ՀՀ վարչապետ
Հայաստան
20:20, 02 июнь 2022
 ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել՝ ուղղված կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացմանը:
 
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ՝ սահմանվել է, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս հավելավճար ստացող 478 ուսուցչի նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը
 
«Այս որոշմամբ՝ հատկացնում ենք անհրաժեշտ գումարը, և վերոնշյալ 478 ուսուցիչներն առաջիկա օրերին կստանան մայիսի աշխատավարձը՝ նոր մեխանիզմով: Արդեն ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է մինչև 450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ շուրջ 400 հազար դրամ ցուցանիշի հասնում է ավելի քան 2 տասնյակ ուսուցիչների աշխատավարձը: Ի դեպ,  հավելավճար ստացող 478 ուսուցչից 130-ն ունի տարակարգ: Փաստացի, արդեն ունենք կոնկրետ դեպքեր, երբ մեխանիզմը գործում է, և բարձրացված վարձատրությունն իրականություն է»,- փաստել է նախարարի տեղակալը: 
 
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մայիսի 13-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը, որն իրականացվում է ինքնաշխատ եղանակով: 
 
«Այս պահին արդեն ունենք ավելի քան 2600 դիմում, և կարծում եմ, որ վերջին օրերին դրանց հոսքը կավելանա»,- փաստել է նախարարի տեղակալը: 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և հավելավճարի հնարավորություն ստանալ: 
 
«Մենք ունենք ռազմավարական որոշում, այն է՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Մենք պետք է գումար չխնայենք այդ ոլորտի վրա, քանի որ կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են»,- փաստել է ՀՀ վարչապետը:
 
Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է: