Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը
Հայաստան
15:59, 08 июнь 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է ներկաներին ՀայՓոստի նոր ծառայությունների ներդրման կապակցությամբ և բարձր գնահատել մեր երկրում ընկերության գործունեությունը: Նա նշել է, որ 800-ից ավելի գրասենյակներով և 3000-ից ավելի աշխատակիցներով ՀայՓոստը խոշոր հարկատուների շարքում է. ծածկում է Հայաստանի փոստային լոգիստիկ ծառայությունների ամբողջ հատվածը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային միտումներով և տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված՝ հեռագրից և նամակագիր փոստից այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցությանը:
«Դրան համահունչ՝ զարգացում է ապրում ՀայՓոստը, և ուրախալի է, որ վերջին շրջանում նաև համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ նոր ծառայություններ, միասնական կենտրոններ են բացվում»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ ընկերությունը հեռավոր գյուղերում գտնվող ամենամեծ ենթակառուցվածքն է և կարևոր օղակ է պետության քաղաքականության ու պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:
Առաջնահերթությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է իրավական համակարգի զարգացումը, օրենսդրական դաշտի բարեփոխումները՝ կապված թվայնացման օրակարգի հետ: Նա կարևորել է քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցման հասանելիությունը, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի երեք քաղաքներում՝ Իջևանում, Գյումրիում և Վանաձորում, փոստային բաժանմունքի նոր մոդել է գործարկվել:
«Կարող ենք արձանագրել, որ սա մեծ առաջընթաց է մեկ վայրում քաղաքացիներին հարյուրավոր պետական ծառայություններ տրամադրելու առումով»,- ասել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գնահատմամբ՝ մեծ աշխատանք է կատարվել բավականին կարճ ժամանակահատվածում:

Նա նշել է, որ իրականացված թվայնացման աշխատանքը հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից և համոզմունք հայտնել, որ հանրությունը կընդունի բարեփոխումները, իսկ համակարգն արդյունավետ կկիրառվի:

Այնուհետև ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու առաջիկա քայլերը: Հայկ Կարապետյանն ընդգծել է ՀայՓոստի զարգացման և կատարելագործման հարցում Հակոբ Արշակյանի զգալի ներդրումը, ով ԲՏԱ նախարար եղած ժամանակ աջակցել է ՀայՓոստի վերափոխման գաղափարի իրագործմանը: