Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱ նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտներում փոխգործակցության խթանման հեռանկարները

ԲՏԱ նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտներում փոխգործակցության խթանման հեռանկարները
Հայաստան
11:34, 09 июнь 2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին ասված է ԲՏԱ նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Անդրադառնալով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում փոխգործակցության դեռևս չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը շարունակական կլինի: Ֆան Յոնգը գոհունակությամբ նշել է, որ այս ապրիլին լրացել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ընդգծել, որ անցած տարիների արդյունավետ և դինամիկ գործակցության հիմքի վրա երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակվեն ամրապնդվել և խորանալ:

Բարձր գնահատելով Չինաստանի հարուստ փորձը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ կողմերը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և մի շարք այլ ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարը և դեսպանը քննարկել են նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել «Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության կողմից իրականացված «Ապագայի ծիլեր» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տվել ընդլայնելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու  նպատակով», - նշված է գրառման մեջ: