Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատական պրակտիկայում կիրառվում է մեղադրանքի վերաորակման ինստիտուտը»․ նախկին դատավորը՝ ՍԴ-ի որոշման մասին

«Դատական պրակտիկայում կիրառվում է մեղադրանքի վերաորակման ինստիտուտը»․ նախկին դատավորը՝ ՍԴ-ի որոշման մասին
Հայաստան
12:06, 29 март 2021
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ ամբողջական որոշումը։ Ուրբաթ օրը ՍԴ-ն հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, ըստ որի Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Հենց այս հոդվածով են «Մարտի 1-ի» գործով մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ 

Դատախազությունը հայտարարել է, որ դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: 

Քոչարյանի և մյուս մեղադրյալների պաշտպանները պնդում են, որ այդ հոդածով քրեական գործը պետք է կարճվի և Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի քրեական հետապնդումը դադարեցվի։
 
Civic.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը պատասխանելով հարցին, թե արդյոք Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին ատյանի դատարանում մեղադրանքը կարո՞ղ է վերաորակել, ասաց․ «Չնայած՝ օրենքով նախատեսված չէ վերաորակման ինստիտուտը, բայց պրակտիկայում կիրառվում է։ Ճիշտ է, թե՞ սխալ՝ դա առանձին թեմա է»։ 

Նախկին դատավորի խոսքով՝ մեղադրողին վերաբերող հատուկ նորմ, որը նրան իրավունք կտա փոխել մեղադրանքը՝ չկա։ «Բայց ես, երբ դատավոր էի, կար մեղադրանքի վերաորակման պրակտիկա»,-ասաց դատավորը։ 

Ըստ Օհանյանի՝ 300.1 հոդվածը ՍԴ-ն ճանաչել է անվավեր, և այն այլեւս չկա։ «Պրակտիկայում կիրառվող վերաորակման ինստիտուտ կա, որը Խորհրդային տարիներից եկած ավանդույթ է, բայց այն չի բխում օրենքից։ Երբ հատկապես դատարանն է դա անում՝ այդ դեպքում հանդես է գալիս քրեական հետապնդման մարմնի դիրքերից, որի իրավունքը չունի»,-նշեց նա։ 

Նախկին դատավորի խոսքով՝ բացի դատարանից, նաև մեղադրողին վերաբերող հատուկ մի նորմ, որը վերջինիս իրավունք կտա փոխել մեղադրանքը, չկա, բայց ինքը, երբ դատավոր էր՝ կար մեղադրանքի վերաորակման պրակտիկա։ 

Հարցին, թե նման որոշումից հետո ի՞նչ կարող է լինել Մարտի 1-ի գործի հետ,  Օհանյանը պատասխանեց․ «Հասարակության մի մասի սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս գործը պիտի լիներ վերջը, բայց ես այդ կարծիքին չեմ,  որովհետեւ այս մեղադրանքի մեջ չկային զոհերին առնչվող մեղավորներ, անգամ ընդհանրական տեսքով Քոչարյանին եւ մյուսներին սպանությունների մասով մեղադրանք չի առաջադրվել։ Այսինքն, եթե պատկերացնենք, դատավճիռ լիներ, զոհերի հարցը մնալու էր օդի մեջ»։

Փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ այս որոշման հիմքով չի կարող ամբողջ գործը կարճվել, որովհետեւ ուրիշ մեղադրանք կա՝ կաշառքի հոդվածով։ «300․1 հոդվածի մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման այս որոշման ուժով, իսկ վերաորակման մասով դա, իհարկե, կախված է դատախազության դիրքորոշումից, բայց զուտ իրավական տեսանկյունից։ Չգիտեմ՝ այս փուլում ինչքանով է դա հնարավոր անել, կարծում եմ՝ այդքան էլ իրատեսական չէ»,-ասաց փաստաբանը։

Գյուրջյանի խոսքով՝ դատախազությունը պետք է փոխի իր մեղադրանքը, եթե այդպիսի հիմքեր կան։ «Դատարանը ներկայիս օրենսդրությամբ միայն կարող է վերաորակել, եթե, օրինակ, դատաքննությամբ պարզվի, որ անձը կատարել է այդ արարքները, բայց ձևական առումով դրանք համապատասխանում են այլ հոդվածի, որը ավելի ոչ ծանր հանցագործություն է, այսինքն՝ ավելի ցածր ծանրության աստիճան ունի։ Այս դեպքում այդ իրավիճակը չէ. Հիմա դեռ ոչ մի ապացույց չի քննվել։ Նախնական փուլում է գործը, այսինքն՝ եթե վերաորակվի, ապա դատախազության կողմից միգուցե դա արվի»։

Գեղամ Ադյան