Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով կա հանցադեպ՝ ունենք զոհված քաղաքացիներ․ քրեական գործը չի կարող կարճվել․ փաստաբան

Մարտի 1-ի գործով կա հանցադեպ՝ ունենք զոհված քաղաքացիներ․ քրեական գործը չի կարող կարճվել․ փաստաբան
Հայաստան
12:59, 29 март 2021
«Չի կարելի ասել, որ ՔՕ 301 հոդվածը ամփոփում է ամբողջ Մարտի 1-ի գործը, ի վերջո 2008թ․մարտի 1-ին զոհվել և մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիներ»,-այսօր՝ մարտի 29-ին, Հոդված 3 ակումբում կազմակերպած առցանց քննարկման ժամանակ, ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Փաստաբանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը վերաբերում է մահաբեր ուժի անհամաչափ, անօրինական կիրառմանը։ Հետևաբար սա մասամբ կարող է կապ ունենալ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, իսկ հիմնականում կարող է կապ ունենալ Քրեական օրենսգրքի առավել կոնկրետ հոդվածով սահմանված հանցագործության կատարման հետ․ «Ուստի չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, կարելի է ասել դրա մի մասը անհաջողության է մատնված։ Եվրոպական դատարանը ժամանակին ասել է․ «Եթե կա հանցադեպը, ապա քրեական գործը երբեք չի կարող կարճվել»։ Եթե մենք ունենք զոհված և մարմնական վնասվածքներ ունեցած քաղաքացիներ ապա այդ գործը երբեք չի կարող կարճվել»,-ընդգծեց նա։ 
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլ պաշտոնատար անձինք։