Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու և ում ցուցումով է «Զանգեզուր» TV-ին «Սյունիքը հանձնում Ադրբեջանին ու Թուրքիային»

Ինչու և ում ցուցումով է «Զանգեզուր» TV-ին «Սյունիքը հանձնում Ադրբեջանին ու Թուրքիային»
Հայաստան
17:59, 29 март 2021
«Արցախ՝ Քոչարյանի աջակիցներ» ֆեյսբուքյան խումբը վերջին օրերին շրջանառում է Սյունիքում հեռարձակվող «Զանգեզուր»  հեռուստաընկերության ռեպորտաժը՝ Սյունիքի մոտալուտ օտարման մասին և որ «Փաշինյանի ղեկավարած ռազմական ուժերը չեն պատրաստվում դրան խոչընդոտել»։ 

«Զանգեզուր»-ը հայտարարում է, թե Սյունիքը կտրվելու է Հայաստանից, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Բացի դա, խոսում է Մեղրիի միջանցքի մասին, որը պետք է լինի «Հայաստանի վերահսկողությունից դուրս»։  Սա, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը հերքում է Մեղրու միջանցքի շուրջ համաձայնությունը՝ պնդելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ բառ չկա Մեղրիի միջանցքի մասին։ Ասել է թե՝ «Զանգեզուր» հեռուստաընկերությունը փաստացի այսօր ադրբեջանական պրոպագանդայով է զբաղված։  

Պարզվում է՝ դեռ 2018-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու նրա կինը, ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին ուղարկված նամակի՝ «զավթել են» Սյունիքի «Սոսի» հեռուստաընկերությունը՝ այն վերանվանելով «Զանգեզուր»։ 

Այս մասին 2018-ի իր բաց նամակում գրել էր «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն 2011 թվականին անցկացված մրցույթում (Սյունիքի մարզում) հաղթող է ճանաչվել եւ հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա ստացել «Սոսի» հեռուստածրագիրը (հիմնադիր՝ «Ձագեձոր» ՍՊԸ): Լիցենզիան տրվել է տասը տարով, ասել է թե՝ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականը, «Սոսի» հեռուստածրագրի փոխարեն, սակայն, եթեր է հեռարձակվել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ նրա տիկնոջ՝ Էլիզաբեթի, «ընտանեկան «Զանգեզուր TV» հեռուստածրագիրը»:
 
Ի դեպ՝ Սամվել Ալեքսանյանը դեռ 2018-ի իր նամակում գրել է, որ ««Զանգեզուր TV»-ին ապօրինաբար եթեր մտնելու առաջին իսկ օրվանից սպասարկում է բացառապես Վահե-Էլիզաբեթ զույգի ընտանեկան շահը, ինչը կապ չունի ո՛չ Սյունիքի, ո՛չ Հայաստանի Հանրապետության շահերի հետ»: 
 
Ինչպես հայտնի է՝ Վահե Հակոբյանը վերջերս «Վերածնվող Հայաստան» կուսակցություն է հիմնել և Սյունիքի անհնազանդության հեղինակ նախկին ՀՀԿ-ական համայնքապետերի հետ պատրաստվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին։ 
 
Մարինե Խառատյան