Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակասահմանադրական ճանաչված հոդվածը հեղինակել էր Դավիթ Հարությունյանը. որոշ պատգամավորներ կանխատեսել էին այս իրավիճակը. ՀԺ

Հակասահմանադրական ճանաչված հոդվածը հեղինակել էր Դավիթ Հարությունյանը. որոշ պատգամավորներ կանխատեսել էին այս իրավիճակը. ՀԺ
Հայաստան
11:54, 30 март 2021
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որ Սահմանադրական դատարանը մարտի 26-ի որոշմամբ ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, ընդունվել էր 2009 թվականին 98 կողմ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ՝ գրեթե ամբողջ կազմով), 1 ձեռնպահ (Րաֆֆի Հովհաննիսյան), 6 դեմ («Ժառանգություն») քվեարկությամբ, գրում է armtimes.com-ը։

Նախագծի համահեղինակն այդ ժամանակվա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր, արդարադատության նախարարը՝ Գեւորգ Դանիելյանը:
Դե յուրե Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Ավետ Ադոնցի (ԲՀԿ), Արծրունի Աղաջանյանի (ՕԵԿ) և Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), իսկ դե ֆակտո միայն Դավիթ Հարությունյանի առաջարկով Քրեական օրենսգրքի 300՝ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրվեց եւ ավելացվեց սահմանադրական կարգը տապալելու մասին նոր՝ 300.1 հոդված: Եթե վերցնենք զուտ պաշտոնական բացատրությունը, ապա Դավիթ Հարությունյանը նախագծի հիմնավորման մասում ընդամենը գրել էր.
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու և քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով»:
Նախագծի իրական պատճառը, ինչպես դեռ այն ժամանակ էր կանխատեսվում, Մարտի 1-ից հետո հարուցված քրգործերի, բանտերում հայտնված անձանց պատիժների մեղմացումն էր, որովհետեւ կար ԵԽԽՎ 2 բանաձեւ այդ մասին:  
Կռահե՞լ էր նախագծի «վունդերկինդ» համարվող հեղինակը, որ հիմնավորման մեջ որոշակիություն բառ պարունակող իր հեղինակած օրենքը ընդունումից 12 տարի անց կարող է հակասահմանադրական ճանաչվել հենց որոշակիություն չունենալու հիմքով, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ դեռ այն ժամանակ որոշ պատգամավորներ կռահել էին ոչ միայն այն, որ նախագիծը որոշակիության խնդիր ունի, այլ նաեւ՝ թե որն է դրա ընդունման իրական շարժառիթը:
Իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան՝ ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշա Շահբազյանն էլ ընդունել է, որ այն կապված է «7-ի գործի» հետ: «Կարծում եմ՝ գաղտնիք չկա։ Որեւէ մեկը չի թաքցրել, որ փոփոխությունների առիթը եղել է «7-ի» գործը։ Որովհետև եթե չլիներ «7-ի գործը», դժվար թե այսօր այդ անհրաժեշտությունն առաջանար փոփոխելու, թեև փոփոխության կարիք ունեին այս հոդվածները։ Այստեղ, կարծում եմ, գաղտնիք չկա, մանավանդ խնդիրը քննարկվել է նաև այնտեղ, և, այո՛, ԱԺ նախագահը Եվրախորհրդի խորհրդարանական ժողովի ներկայացուցիչներին այս խոստումը տվել էր կամ այս մասին տեղյակ էր պահել»:
Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այն ժամանակ կանխատեսել էր, որ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու դեպքում նոր՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը չի կարող կիրառվել Մարտի մեկի գործով, քանի որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: 

Ահա քննարկումներից մեկի ժամանակ նրա հարցը Արտյուշա Շահբազյանին.
«Պրն Շահբազյան, չե՞ք կարծում՝ եթե այս ՀՀ ՔՕ 300 հոդվածը փոխվի (...) և եթե 7-ի գործով մեկ այլ գործ էլ հարուցվի և պարզվի, որ բռնությամբ պետական իշխանությունը պահել են նախկին իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, և պետության ներկայացուցիչներն են կրակել ժողովրդի վրա, մենք դա գիտենք բոլորս, որոնցից 3-ը զոհվել են «Չերյոմուխա 7»-ից, եթե նրանց վրա քննությունը է տարվում այնպես, որ նրանք էլ մեղադրյալների աթոռին պետք է նստեն, իսկ իմ խորին համոզմամբ, դա այդպես է, այդ դեպքում այս հոդվածը չի գործելու։ Ինչո՞ւ եք պատասխանատվությունից ցանկանում ազատել այդ մարդկանց։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այսպիսի իրավիճակ ստեղծվել»։
Շահբազյանն այս հարցին չէր պատասխանել, որովհետեւ Դավիթ Հարությունյանը վարման կարգով ձայն էր խնդրել եւ ըստ էության թույլ չէր տվել Շահբազյանին խոսել.

«Հարգելի նախագահող, պրն Շահբազյանը ներկայացնում է հանձնաժողովի կարծիքը։ Հարցերը, որ հնչում են, անձնական հարցեր են, այսինքն՝ պատգամավոր Շահբազյանին են ուղղված։ Հանձնաժողովն այդ հարցերի վերաբերյալ, որ հնչում են դահլիճում, որևէ դիրքորոշում չի արտահայտել։ Ես կարծում եմ՝ պատեհ չէ, նման հարցեր կարելի էր տալ հեղինակներին։ Ես դա ամբողջովին կընդունեմ, բայց ո՛չ հանձնաժողովի կարծիքը ներկայացնողի»,- ասել էր Հարությունյանը:
Եվ ահա, գրեթե նույնությամբ, ինչպես կանխատեսվել էր, մարտի 26-ին ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածը: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «առաջին՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Եվ երկրորդ՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

Նշվում է նաեւ, որ այս հոդվածը հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին, այն է՝ համաչափության եւ որոշակիության սկզբունքին: 
Այսօր նախատեսված է Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, եւ, ըստ փաստաբանների, դատարանը պետք է 300.1 հոդվածի մասով Քոչարյանի եւ մյուս մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցնի, եւ գործն այդ մասով կարճվի: Ինչպես կվարվի դատարանը՝ պարզ կդառնա շուտով: