Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ քաղաքական հարց չկա. «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամները պետք է ներկայանան նիստին և հաստատեն նախագիծը. Վանաձորում նախատեսված է 2.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր իրականացնել. տեսանյութ

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով Վանաձոր խոշորացված համայնքում նախատեսվում է իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի աշխատանքներ։ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ծրագրվել  է հիմնանորոգել փողոցներ, կառուցել և նորոգել մանկապարտեզներ, մշակութային օջախներ, վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքներ, բարեկարգել այգիներ և այլն։ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ասաց, որ աշխատանքների ծավալն աննախադեպ է։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի Վանաձորում իրականացվել են շուրջ 1,4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր՝ այս տարվա 2,5 մլրդ-ի փոխարեն։ 

Սուբվենցիոն ծրագրերը, սակայն, կարող են իրականացվել միայն ավագանու հաստատումից հետո։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում որևէ ուժի չհաջողվեց ստանալ քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Ամենաշատ մանդատներ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, իսկ խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ավագանու նիստերին։ Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրեց Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյանը, հունիսի 23-ին ավագանու նիստ է նշանակվել, հուսով են, որ գործընկերները կներկայանան նիստին, և կհաջողվի քվորում ապահովել ու քաղաքի բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը հաստատել։

Եթե «Մամիկոն Ասլանյան» դաշինքը չմասնակցի ավագանու նիստին, ապա այս ծրագրերը կմնան թղթի վրա, ասաց Լոռու փոխմարզպետը։
Ավագանու ՔՊ-ական անդամը ևս կարծում է, որ իրենց գործընկերները կգան և կմասնակցեն ավագանու նիստին։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Վիրաբյանն էլ նշեց, որ նախորդ տարվանից կիսատ մնացած աշխատանքներ կան, որոնք պետք է շարունակվեն։

Նոր ձեռք բերվելիք աղբատար 5 մեքենաները ամբողջությամբ չեն լուծի համայնքի աղբահանության խնդիրները, սակայն էականորեն կբարելավեն դրանք։

Անցած տարի խնդիր առաջացավ նաև համայնքի ձնամաքրման հետ, երբ առատ ձյան պայմաններում համայնքը չէր հասցնում կատարել ձնամաքրման աշխատանքները, այդ խնդիրները, սակայն, պետք է լուծվեն համայնքապետարանի ավելի հետևողական և պլանավորված աշխատանքի շնորհիվ։

Վանաձորում խնդիրները բազմաթիվ են և այս տարվա սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու դեպքում նույնիսկ բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ, բազմաթիվ այլ խնդիրներ պետք է լուծվեն հաջորդ տարիների ընթացքում։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան