Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ. ՀՀ նախագահի ուղերձը զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ. ՀՀ նախագահի ուղերձը զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ
Հայաստան / Հասարակություն
19:02, 21 июнь 2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ՝ նշելով. որ 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն ուղերձում նշել է.

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ: Հայաստանի Ոստիկանության զորքերին վիճակված էր հանդես գալ երկու ճակատում էլ և երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողները պատվով հաղթահարեցին այս փորձությունները՝ ունենալով նաև ծանր ու անմոռանալի կորուստներ:

Անշուշտ, 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների: Բայց նաև այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ՝ ապահովելով հասարակական կարգն ու բոլորիս անվտանգությունը:

Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և խոնարհվում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանության ծառայողների հիշատակի առաջ»: