Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստով կբարձրացնի զինծառայության անցնելու տարիքային շեմը․ Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստով կբարձրացնի զինծառայության անցնելու տարիքային շեմը․ Արթուր Թովմասյան
Հայաստան
18:08, 30 март 2021
Արցախում պատրաստվում են «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարել․ արական սեռի ներկայացուցիչների համար սահմանված տարիքային շեմը կբարձրանա, կարող են պայմանագրային զինծառայության անցնել նաև մեծահասակ տղամարդիկ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ․ «Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով»,-գրված էր Արցախի ԱԺ հաղորդագրության մեջ։ 

Արթուր Թովմասյանն ընդգծեց, որ սպասում են Արցախի նախագահը ԱԺ արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի օրենսդրական փոփոխությունն արագ կատարվի․ «Մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ արական սեռի ներկայացուցիչները սպասում են այդ փոփոխություններին»,-ասաց նա ու հավելեց, որ եթե օրինակ գործող օրենքով սահմանված է մինչև 50 տարեկան շեմ, ապա նոր փոփոխությամբ տարիքային շեմը կբարձրանա և ավելի բարձր տարիք ունեցող տղամադիկ կկարողանան պայմանագրային զինծառայության անցնեն։ 
 
Նարա Մարտիրոսյան