Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Հայաստան
16:08, 27 июнь 2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ նախօրեին Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։
 
Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսված է հիմնանորոգել մոտ 6 կմ երկարության ճանապարահատված։
2021 թվականին հիմնանորոգվել է ճանապարհի 1-կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է 195,5 միլիոն դրամ, իսկ մնացած 548 միլիոն դրամը ծախսվում է այս տարվա ընթացքում։
 
 
Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաև կահավորման և գծանշման աշխատանքներ։ Շինաշխատանքներն այս հատվածում իրականացվել են մոտ 80 տոկոսով։
 
Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 2022 թ. հունիսի 15-ից։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որը նույնպես ամբողջությամբ հատկացված է պետբյուջեի միջոցներից։ Սայաթ-Նովայի փողոցում նախատեսվում է հիմնանորոգել 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Ճանապարհի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 3200 քմ ընդհանուր մակերեսով։
 
Ամբողջությամբ ճանապարհից հեռացվում է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է ասֆալտբետոնե նոր երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։
 

 
«Սայաթ-Նովայի փողոցի հիմնանորոգմամբ մենք ունենում ենք Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Մարտունի քաղաքով և նկատելիորեն նվազեցնելու է Աբովյան փողոցով անցնող ճանապարհի երթևեկության ծանրաբեռնվածությունը», -նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
 
 
Նախարարը և մարզպետը շինարարների հետ քննարկել են շինարարության ընթացքում ի հայտ եկած առաջնահերթ խնդիրները, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։