Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թղթադրամը միմյանց փոխանցելու կոռուպցիոն պրակտիկան փոքրացել է, սակայն կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ. Աննա Վարդապետյան

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը, և այդ թեկնածությանը ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Ինչպես իր ելույթում հայտարարեց թեկնածուն, ինքը մինչդատական վարույթում տեսնում է, պայմանական ասած,  7 խնդիր:
«Մարդուն անընդհատ ասել, որ պրոցես է գնում, նշանակում է՝ մարդուն ասել՝ մի քիչ էլ սպասիր. ինչքա՞ն կարող է մարդը սպասել, երբ ինքը հանցագործությունից տուժած է»,- ասաց նա և հավելեց, որ այստեղից էլ մարդու մեջ անարդարության զգացում է առաջանում:

Աննա Վարդապետյանն ընդգծեց. «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. իմ ուշադրության կենտրոնում է լինելու  ուշացած արդարադատությունը»:

Նրա խոսքով, մինչդատական վարույթում ձգձգումները հաղթահարել կարելի է արդյունավետ դատախազական հսկողությամբ. «Իսկ դրան կարելի է հասնել հետևողական դատախազով»:

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ գլխավոր դատախազի թեկնածուն հայտարարեց. «Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, միայն թղթադրամը միմյանց փոխանցելով, և եթե նկատել եք, այդ պրակտիկան գնալով փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ, և եթե դրան նպաստող պայմանները չհաղթահարվեն, կլինի լուրջ մարտահրավեր օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին՝ ժողովրդավարության հիմքերը քայքայելու: Խոսել օրենքի գերակայությունից՝ ունենալով հովանավորչություն և արտոնյալներ, ֆանտաստիկ դատողություններ են»:

Նա ընդգծեց, որ ԱԺ-ին հաշվետվությունները չպետք   է հնչեն թվերով, այլ բովանդակությամբ և կոնկրետ գործերով: 
 
Մանրամասն՝ տեսանյութում