Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» մասով կասեցրել է գործի վարույթն ու դիմել է Վենետիկի հանձնաժողովին

ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» մասով կասեցրել է գործի վարույթն ու դիմել է Վենետիկի հանձնաժողովին
Հայաստան
19:00, 13 июль 2022
ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի  առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ  գործով  ՍԴ-ն որոշում է կայացրել։ Ըստ այդմ՝ գործի վարույթը կասեցվել է, և խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ-ն դիմել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» (Վենետիկի հանձնաժողով)։ Գործի վարույթը կասեցնելու, Հանձնաժողովին դիմելու առաջարկություններով հանդես է եկել սույն գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։

ՍԴ որոշումից տեղեկանում ենք, որ բարձր դատարանը Հանձնաժողովից հայցում է  խորհրդատվական կարծիք՝   հետևյալ հարցերի առնչությամբ. 

1)արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի՞ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին, 

2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջև ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը, 

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյոք մինչև այդ ձեռք բերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի՞ է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ, 

4) արդյոք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի՞ է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ:

Որոշման մեջ նշված է նաև, որ  խնդրո առարկա օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով վարույթը կասեցվում է մինչև Հանձնաժողովի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիք ստանալը։ 

Նշենք, որ այս հարցով ՍԴ նիստը մի քանի անգամ հետաձգվել է, և միայն  ամիսներ անց, փաստորեն, ՍԴ-ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողովին։
 
Վերոհիշյալ որոշումը կայացվել է նախորդ շաբաթ՝ հուլիսի 8-ին։