Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ պատերազմին մասնակցած անձանց և նրանց երեխաների ուսման վարձերի փոխհատուցումը կշարունակվի․ ևս 590 միլիոն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ սույն որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով 590,440.6 հազ. դրամ վերաբաշխված գումարը  նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել համապատասխան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին:

ԿԳՄՍ նախարար Վարհամ Դումանյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն իսկ փոխհատուցվել է 205 միլիոն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իրենք որոշում ընդունեցին, որ պատերազմի մասնակցած ուսանողները և պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։

«Այն ժամանակ, երբ որ ընդունում էինք որոշումը, մենք նկատի ունեինք 2020-2021 թվականների ուսումնական տարվա առաջին կիսամյակը, բայց հետագայում մոդիֆիկացվեց այնպես, որ ուղղակի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի, որովհետև կան ուսանողներ, որոնք հիմա ենթադրենք շարունակում են ծառայությունը և ծառայութունից կվերադառնան և ուսանողի կարգավիճակը կվերականագնեն 2021-2022 թվականների ուսումնական տարում նրանց իրավունքը կպահպանվի, այսինքն՝ դա ժամանակ հետ կապված չի։ Եվ սա բխում է նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզից»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պոտենցիալ շահառուների թիվը 7000 է, այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1773 ուսանող և իրենք  ֆինանսավորումը ավելացնում են՝ ծրագիրը շարունակելու համար այնքան, որքան կպահանջվի, որպեսզի բոլոր 7000 շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխատուցեն։