Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը արդեն մարզերում և Երևան քաղաքում առկա կլինեն պատվաստանյութերը». առողջապահության նախարար

«Հույս ունեմ,  որ երկուշաբթի օրը արդեն մարզերում և Երևան քաղաքում առկա կլինեն պատվաստանյութերը». առողջապահության նախարար
Հայաստան
14:07, 01 апрель 2021
 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստան ներկրված 24000 դեղաչափ պատվաստանյութերը դեռ չեն բաժանվել բուժ. հաստատություններին, այժմ անցնում են մաքսազերծման և բաշխման գործընթացներով:

Մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը իրականացվում են վերապատրաստման դասընթացներ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների ամբողջ տարողունակությունը և կատարվում են լրացուցիչ այլ աշխատանքներ.- «Ես հույս ունեմ,  որ երկուշաբթի օրը արդեն մարզերում և Երևան քաղաքում առկա կլինեն պատվաստանյութերը»:

Ավանեսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Աստրա Զենեկա դեղամիջոցը օգտագործվելու է Հայաստանում՝ հիմնվելով միջազգային մասնագիտական կառույցների դրական եզրակացության վրա:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Աստրա Զենեկայի և, ընդհանրապես, բոլոր պատվաստանյութերի հետ, ու շաբաթական ամփոփումներ ենք անում: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին պատվաստվել, քանի որ դա միակ միջոցն է պաշտպանվելու»,- նշեց նա: 

Նախարարը հավելեց, որ ուրբաթ օրը տեղի կունենա ժողով, որտեղ կքննարկվի նաև Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ ցուցումների մեջ, տարիքային շեմի բարձրացման հետ կապված, և ըստ այդմ էլ նախարարությունն իր գործողությունները կկառուցի: Նա հերքեց այն լուրերը, թե Հայաստանը հրաժարվել է ռուսական Սպուտնիկ դեղամիջոցից:
Նախարարը անդրադարձավ նաև մահճակալների քանակին և թթվածանային սարքերի բավարարվածությանը. - «Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ մոտ 300 մահճակալ ենք ծավալել, թթվածնային սարքերի քանակը բավարար է, վերջին տարում 15 լրացուցիչ կայան ենք գնել և 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»: 

Հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում հայկական արտադրության արհեստական շնչառական սարքերի ստեղծման գործընթացը, նա նշեց.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ինժիներները կարողացան արդեն ունենալ վերջնական պրոդուկտ, բայց այն պետք է դեռ անցնցի կլինիկական փորձարկման, սերտիֆիկացման որոշակի գործընաթներ: Եթե հավաստվի դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը, սարքերը կօգտագործվեն»: