Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանատան՝ կամավորների հավաքագրման մասին հայտարարությունը հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է և կապ չունի հնարավոր նոր ռազմական էսկալացիայի հետ

ԱՄՆ դեսպանատան՝ կամավորների հավաքագրման մասին հայտարարությունը հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է և կապ չունի հնարավոր նոր ռազմական էսկալացիայի հետ
Հայաստան
14:46, 20 июль 2022
ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, որով կամավորներ է հավաքագրում՝ արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

«Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն», - ասված էր հաղորդագրության տեքստում։

Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների, մտահոգությունների տեղիք տվեց հայաստանցիների շրջանում։ Մտահոգության առիթն այն էր, որ նախորդիվ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում էր չայցելել Հայաստանի տարբեր մարզեր, որոնք սահմանամերձ էին Ադրբեջանի հետ, 2020 թվականի պատերազմից առաջ էլ ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին չայցելել Արցախ, որից հետո սկսվեց պատերազմը։ Հայաստանցիները մտահոգված էին, որ այս հայտարարությունը ևս հնարավոր նոր ռազմական էսկալացիայի մասին ահազանգ կարող է լինել։

Հայտարարությունը իր բովանդակությամբ նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ խոսքը Հայաստանի ողջ տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տրամադրվող հնարավոր օգնության մասին է, և խոսք է գնում քաղաքացիների վիրավորում ստանալու և նրանց աջակցելու մասին։ 

Ավելի ուշ դեսպանատունը հանդես եկավ նոր՝ պարզաբանող հայտարարությամբ, նշելով, որ դա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։  

«Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում», - ասված է դեսպանատան հայտարարության տեքստում։

Վովա Հակոբյան