Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ավագանու խնդրով Վարչական դատարանի նշանակած նիստը չի կայացել․ Համայնքում ստեղծված կառավարման ճգնաժամի ելքը ավագանու արտահերթ ընտրություններն են

Վանաձորի ավագանու խնդրով Վարչական դատարանի նշանակած նիստը չի կայացել․ Համայնքում ստեղծված կառավարման ճգնաժամի ելքը ավագանու արտահերթ ընտրություններն են
Հայաստան
17:07, 20 июль 2022
Վանաձորի ավագանու խնդրով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցապահանջի հիման վրա Վարչական դատարանի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ կողմերից մեկի՝ Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության, պատշաճ ծանուցված  չլինելու հիմքով։ Դատական հաջորդ նիստի օրը դեռեւս հայտնի չէ, կողմերը նամակների միջոցով կծանուցվեն։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ հայցվորի ներկայացուցիչ Տաթեւիկ Մատինյանից։   

Հիշեցնենք, որ խոսքը 23.12.2021 թվականին ՀՀ վարչական դատարան մուտքագրված, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի հայցադիմումի հիման վրա նշանակված դատաքննության հետաձգման մասին է, ինչի հետեւանքով համայնքի կառավարումը հայտնվել է փակուղու առաջ։ ԼՀԿ-ի պահանջները, ինչպես հայտնել ենք, հետեւյալ էին․ «Պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը»։ Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որով խնդրել է «ժամանակավորապես բավարարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը՝ պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց, մինչև սույն գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը, և/կամ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև սույն գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը»։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք պատշաճ իրազեկված չեն եղել դատական նիստի մասին․ «Չնայած այն հանգամանքին, որ մեր գրասենյակը ամենօրյա ռեժիմով գործում է, պատասխանատու մարդիկ կան, կոմպետետնտ են եւ մենք երբեւէ խնդիրներ չենք ունեցել  իրազեկումներ ստանալու հետ կապված։ Թե ինչու է այս անգամ այսպես ստացվել՝ ասել չեմ կարող»։  

Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ  համայնքի ղեկավարի ժ/պ է նշանակվել Արկադի Փելեշյանը, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք»-ը բոյկոտում են ավագանու նիստերն ու այսպիսով քվորում չի ապահովվում, ինչի հետեւանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաեւ մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։ 

Դեռ հայտնի չէ, թե երբ ավագանին հերթական անգամ արտահերթ նիստ կհրավիրի եւ արդյոք այն իրավազոր կլինի՝ քվորում ապահովվի։ 
Նախորդ արտահերթ  նիստը, որը չկայացավ, հիշեցնենք, հուլիսի 6-ին էր։  

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Ա․Ալավերդյանը ի պատասխան մեր հարցի՝ ձեր կանխատեսմամբ ինչպե՞ս կհանգուցալուծվի  ստեղծված իրավիճակը, ասաց, որ իրենք որպես քաղաքական ուժ, ունեն առաջարկ եւ պահանջ, որպեսզի նշանակվեն  ավագանու նոր ընտրություններ ու հաղթահարվի ստեղված իրավիճակը։ «Ում է պետք նոր ընտրություններ, ում է հարմար, ում ոչ՝ մենք գնահատականներ չենք տալիս, չենք էլ մտածում այդ ուղղությամբ, մենք մտածում ենք ժողովրդի դիրքերից, ժողովրդին է պետք նոր ավագանու ընտրությունը, լեգիտիմ համայնքային իշխանության ձեւավորումն ու համայնքի կառավարումն այս ճգնաժամային իրավիճակից հանելը»,- նկատեց Ալավերդյանը։   

Ելենա Ազատյան