Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրերից բացի Արագածավանում նախատեսում ենք նաև խմելու ջրի հարցը կառավարության հետ համատեղ լուծել. գրեթե բոլոր ընտրություններից առաջ այդ խոստումը տրվել է, բայց աշխատանք չի արվել․ տեսանյութ

Սուբվենցիոն ծրագրերով Արագածավան խոշորացված համայնքում մեկնարկել են շինարարարական աշխատանքները։ Այս տարվա ծրագրով մեկական փողոց կհիմնանորոգվի Արագածավանում և Արտենի համայնքներում։ Բացի այդ նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ են արվում այս երկու համայնքներում։ 

«Այս տարի նախատեսում ենք Արագածավան և Արտենի համայնքներում լուսավորման ցանցի աշխատանքները 100 տոկոսով հասցնել տրամաբանական ավարտին», - ասաց համայնքի ղեկավար Արթուր Հովսեփյանը։

Այս պահին Արագածավանում մեկ փողոց է հիմնանորոգվում, որտեղ շինաշխատանքները սկսվել են, ընթանում է հողային և հարթեցման աշխատանքներ։

Արտենիում էլ սկսել են մեկ փողոցի գռունտի քանդման և համահարթեցման աշխատանքները։ Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության աշխղեկի, շինաշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։

Նախորդ երկու տարիների ընթացքում սուբվենցիոն բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել համայնքում։ Համայնքի ղեկավար Արթուր Հովսեփյանը նշեց, որ ամեն տարի յուրաքանչյուր համայնքում գոնե մեկական փողոց են նախատեսում նորոգել և հիմնանորոգել։

Համայնքը, որը վերախոշորացվելու է և միանալու է Թալին խոշորացված համայնքին, ոռոգման խնդիր չունի, սակայն կորուստներն են շատ։ Այդ ուղղությամբ ևս նախատեսում են աշխատել՝ նորոգել ցանցերը և մի քանի տարում հասնել այնպսի արդյունքի, որ կորուստները հասցվեն մինիմումի՝ ոռոգման համակարգի ջրթողները նորոգելու միջոցով։

Ըստ համայնքի ղեկավարի համայնքի նոր խոշորացումը լավ ծրագիր է, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը, քանի որ Կառավարությունը մեծացնելու է խոշորացված համայնքներին տրվող սուբվենցիոն գումարների չափը։

Արթուր Հովսեփյանը նշեց, որ հաջորդ տարվա համար ևս պլանավորվել են, թե ինչ սուբվենցիոն հայտ են ներկայացնելու կառավարությանը։ Ծրագրերը քննարկվել են Թալին համայնքի հետ, քանի որ սեպտեմբերից համայնքը միավորվելու է Թալինի հետ։ Հաջորդ տարվա ծրագիրը նաև գումարային առումով է ավելի խոշոր լինելու, քան այս տարվանը։

Շատ աշխատանքներ էլ իրականացվում են համայնքային բյուջեով։ Համայնքապետարանը փորձում է ընթացիկ լուծումներ տալ տարբեր խնդիրների՝ փողոցների խճալցում, տանիքների նորոգում և նմանօրինակ այլ աշխատանքներ։ 

«Խորհրդային տարիներից հետո մեր համայնքում նույնիսկ մեկ մետր փողոցաշինական աշխատանքներ չեն իրականացվել, ասֆալտապատման առաջին աշխատանքն արվել է նախանցած տարի, հույս ունենք, որ վերախոշորացումից հետո ավելի ծավալուն աշխատանքներ կիրականացվել»։ 

Հիմնական խնդիրը համայնքում խմելու ջրի հարցն է։ Համայնքում խմելու ջուրը գնում են կամ օգտվում արտեզյան ջրերից։ Խնդիրը ևս գտնվում է տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում։

«Թալինի քաղաքապետի հետ քննարկում եմ ունեցել և նախատեսում ենք, որ խոշորացումից հետո անպայման ծրագիրը պետք է ներկայացնենք Կառավարությանը և փորձենք լուծում տալ խնդրին։ Մարդկանց մոտ արդեն թերահավատություն կա, քանի որ գրեթե բոլոր ընտրություններից առաջ եկել են, խոստացել են լուծել խնդիրը, խողովակներ են բերել, կիսատ-պռատ դրել են, ապա՝ ընտրություններից հետո խողովակները հավաքել տարել են և այլն, բայց կարծում եմ, լուծում հնարավոր է տալ, թեկուզ՝ գրաֆիկով, բայց մարդկանց ապահովել խմելու ջրով», - ասաց Արթուր Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան