Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի «մեդիատեռորի» հեղինակը ուզում է 100 հազար ձայն ստանալ մարզում

Սյունիքի «մեդիատեռորի» հեղինակը ուզում է 100 հազար ձայն ստանալ մարզում
Հայաստան
15:05, 01 апрель 2021
Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ, նախկին ԱԱԾ-ական Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ է Սյունիքում․ շտաբներ են բացում մարզում, թիմ են հավաքում, կոորդինացնում ապագա աշխատանքները։
 
Civic.am-ին հասած տեղեկություններով, այս ընտրություններում Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը աջակցում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ անկախ այն հանգամանքից, թե Սերժ Սարգսյանը առաջիկա ընտրություններում ինչ որոշում կկայացնի՝ կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, թե՞ որոշում կկայացնի սատարել որեւէ այլ ուժի։ 

Մեզ հասած տեղեկություններով՝ ներքին քննարկումներում նրանք պլանավորում են մինչև 100 հազար ձայն ստանալ Սյունիքից, վստահ են, որ մեդիատեռորով համեմված իրենց քարոզչության արդյունքում Սյունիքը որեւէ ձայն չի տա այլ ուժի, առավել ևս՝ իշխանությանը։ Ինչպես հայտնի է՝ հենց այդ թիմն է ամենօրյա ռեժիմով հիմնականում կեղծ տեղեկություններ տարածում Սյունիքում «հակառակորդի կողմից առաջխաղացման, դիրքերի ամրապնդման, նոր բարձունքներ զիջելու» և այլնի մասին։

 Վահե Հակոբյանը Civic.am-ի հետ զրույցում Միքայել Մինասյանից աջակցություն ստանալը անվանեց «բիսետկայի մակարդակի» խոսակցություն։ «Ով որ նման բան է ասում, սուտ է խոսում։ Որեւէ աջակցություն իր կողմից մեզ չկա »,-ասաց Հակոբյանը։
Հակոբյանը հերքեց նաև, որ ՀՀԿ-ից որեւէ աջակցություն ունեն։ «Այո, նախկին ՀՀԿ-ական համայնքապետեր մեզ միացել են, բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն մեզ աջակցում է»,-ասաց նա։

Նշենք, որ Միքայել Մինասյանի ընկեր Վահե Հակոբյանի կուսակցությունը ստեղծվել է ՀՀԿ-ի հիմքով․ վարչության անդամները Սյունիքի նախկին ՀՀԿ-ականներ են՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը,  Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր  Սարգսյանը։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են։

 Մեր հարցին՝ որքա՞ն ձայն են պլանավորում ստանալ Սյունիքից, Հակոբյանը պատասխանեց․ «Շատ, թիվ չեմ նշի, բայց շատ»։ 
Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ այսօր Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները և ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը իրենց համար խոչընդոտ չէ՞, կարո՞ղ են «մաքուր»  համամասնական ընտրակարգի պարագայում ապահովել նույնքան «շատ» ձայն, Հակոբյանը պատասխանեց․«Դա մեր համար խոչընդոտ չի և մենք ամեն դեպքում կհաղթենք։  Նիկոլը հերթական անգամ փորձեց իր տակ հարմարեցնել ամեն ինչ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հարմարեցրեց իրեն։ Ինքն ինչ ուզում, անում է, շարունակում է անել այն, ինչ ուզում է, բայց դա մեզ չի խանգարում, մենք էսպես էլ իրեն կհաղթենք»։

Վահե Հակոբյանին հարցրինք նաև՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ հնարավոր է իրենց ցուցակով միանան Ռոբերտ Քոչարյանի թիմին։ «Ոչ, որոշում չունենք դեռ»,-ասաց նա։ 
 
Բայց քննարկումներ, բանակցութուններ Քոչարյանի թիմի հետ տարվո՞ւմ են՝ հարցրինք։ Հակոբյանը, սակայն, ասաց, որ այդ տեղեկությունը չի կարող մեզ հայտնել։
 
Արփի Հարությունյան