Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների

Հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների
Հայաստան
16:22, 26 июль 2022
2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է  իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը: «Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը, ապա ոլորտ առ ոլորտ ներկայացրել իրականացվելիք ծրագրերը:

Մասնավորապես, գալիք տարում այս տարվա համեմատ հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է խորհրդի 2023 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրն ու միջոցառումները: Մասնավորապես, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար եկող տարում նախատեսված է հատկացնել 7 մլրդ 683 մլն 978 հազար դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է 49 մլն դրամով: Հանրային հեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում եւ մշտադիտարկում ծրագրի համար կհատկացվի 174 մլն 52 հազար դրամ:

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը նշել է, որ գրասենյակի կողմից իրականացվելիք «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար նախատեսվում է հատկացնել 698 մլն 39 հազար դրամ: «2023 թ. նախատեսվում է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագրիը՝ 400 սփյուռքահայ պատանու եւ երիտասարդի մասնակցություն, սակայն ընդունվել է 955 հայտ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք 400-ը դարձնել 600»,- ասել է նա:

Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցադրումներին: