Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն․ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի մասում․ ՔԿ

Ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն․ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի մասում․ ՔԿ
Հայաստան
12:25, 28 июль 2022
ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա  բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև 29-ամյա տղամարդը  ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն:

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  նռնակի դետալներ, արնանման հետքեր և  հագուստ:
Կատարվում է նախաքննություն: