Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամկետայինների ծնողներին վարչապետի օգնականը Փաշինյանի հետ մեծ հանդիպում խոստացավ (տեսանյութ)

Կառավարության մոտ հավաքվել են Արցախում ծառայող զինվորների ծնողները։ Նրանք պահանջում են անհապաղ զորացրել Արցախյան վերջին պատերազմին մասնակցած բոլոր ժամկետային զինծառայողներին․

«Մեր ակնկալիքը մեր փրկված երեխաների ապագան ապահովելն է»,-հայտարարեց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ նշեց՝ 18 տարեկան երեխաները 44 օր պատերազմի մեջ են եղել, բայց այսօր հերոս մնացել են միայն ծնողների համար։

Ծնողներից մեկն էլ նշեց՝ զինվորները հիվանդանում են, տանում են բուժզննման, ասում են ՝ որևէ խնդիր չկա․
«Պատերազմ տեսած երեխեքին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն, չէ՞ որ 18 տարեկան երեխեքը տնից դուրս եկան, գնացին պատերազմի մեջ ընկան։ Թող հոգեբանների, բժիշկների խումբ կազմեին, գնային, երեխեքին առաջին հերթին հոգեբանական աջակցություն ցույց տային։ Պետք է փրկել նրանց, ովքեր գոնե ողջ մնային»,-նշում է ծնողներից տիկին Հասմիկը, ում որդին պատերազմի սկսվելու պահին եղել է մոտ 4 ամսվա զինծառայող։

Մոտ մեկ ժամ Կառավարության մոտ անցկացնելուց հետո ծնողներին փոխանցեցին, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը պատրաստ է ընդունել մոտ 25-30 ծնողի, ծնողներն էլ պնդեցին, թե պետք է Նաիրի Սարգսյանը դուրս գա և անձամբ զրուցի իրենց հետ։

Ի վերջո վարչապետի օգնականը դուրս եկավ և դիմելով ծնողներին՝  ասաց, որ վարչապետը Մոսկվայից վերադառնալուց հետո մեծ դահլիճում հանդիպում կկազմակերպի և կլսի բոլոր ծնողներին։

Վերջիններն էլ պնդեցին՝ այսօր հստակ պատասխան պետք է տրվեր իրենց, վարչապետը կոնկրետ ժամկետներ էր խոստացել։
Նաիրի Սարգսյանի հեռանալուց  հետո ծնողները սկսեցին վանկարկել «զորացրում», այնուհետև որոշեցին՝ կառավարության շենքի մոտ նստացույց են անելու, մինչև իրենց պահանջները կատարեն։