Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ տարվա ընթացքում 7-8 փողոց է ասֆալտապատվել, ջրագծեր են անցկացվել, հիվանդանոց է կառուցվում․ 30 տարի նման ծավալի աշխատանքներ չեն իրականացվել․ Սիսիանի համայնքապետի ԺՊ

Սիսիան խոշորացված համայնքում, որը կրկին խոշորանալու է այս տարի և ևս չորս գյուղական համայնք է միանալու Սիսիանին, ակտիվ կերպով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։ Ասֆալտապատվում են փողոցները, որոնք տարիներ շարունակ անմխիթար վիճակում են գտնվում, փոխվում են ջրագծեր, նորոգվում են շենքերի տանիքները։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոոնք կատարվել են անցած և այս տարվա ընթացքում։
Համայնքի հիմնական խնդիրը փողոցների ոչ կարեկարգ լինելն ու բազմաբնակարանային շենքերի տանիքների անմխիթար վիճակն է, գյուղական համայնքներում էլ առկա է նաև ջրագծերի մաշվածության խնդիրը։

Բացի սուբվենցիոն ծրագրերից նաև պետական բյուջեի միջոցներով են ծրագրեր իրականացվում։ «Պետության միջոցներով ասֆալտապատվում է Երևան-Սիսիան ճանապարհահատվածը, Անգեղակոթ, Շաղատան բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքները։ Տարիներ շարունակ այս բնակավայրերի բնակիչները ասֆալտ չեն տեսել, Դաստակերտ, Ախլաթյան, Բնունիս ճանապարհահատվածում նույնպես այս պահին ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Բացի սրանից, այս պահին նոր հիվանդանոց է կառուցվում Սիսիանում», - ասաց Արմեն Հակոբջանյանը։

Սիսիանի բժշկական կենտրոնի շենքի շինարարության աշխատանքները անցած տարի են մեկնարկել։ Աշխատանքները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում։ Մաքրվել է նաև քաղաքով անցնող Որոտան գետը, որը նախորդ անգամ մաքրվել էր 2009 թվականին։ Բացի այդ բարեկարգվում են բակային տարածքներ, մասնակի աշխատանքներ են իրականացվում նաև շենքերի տանիքների նորոգման ուղղությամբ։

Բռնակոթ գյուղում հիմնանորոգվել է դպրոց տանող շուրջ 800 մետրանոց ճանապարհահատվածը։ Այս փողոցը 30 տարուց ավել է ինչ չէր հիմնանորոգվել։Գյուղում շատ խնդիրներ սակայն շարունակում են դեռ չլուծված մնալ։

Առաջիկա տարիների ընթացքում խոշորացված համայնքի հիմնական խնդիրը շարունակում է մնալ փողոցների ասֆալտապատումը և ոռոգման ջրի ցանցի նորոգման և հիմնանորոգման խնդիրը։ Այս խնդիրները, ըստ համայնքապետի պետք է լուծվեն առաջիկա տարիների ընթացքում, միանգամից բոլոր խնդիրները լուծել, սակայն, հնարավոր չէ։ Հակոբջանյանը նշում է, կփորձեն յուրաքանչյուր տարի գոնե երկու գյուղական համայնքում լուծել ոռոգման ջրի ցանցի հիմնանորոգման խնդիրը։

Համայնքն ունի նաև աղբահանության խնդիր՝ աղբատար մեքենանարի քանակը քիչ է, կփորձեն հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով աղբատարներ ձեռք բերել։ Բացի այդ աշխատողների քանակն է քիչ, իսկ ավելացնել հնարավոր չէ, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարը օրենքով իրավունք չունի հաստիքացուցակ փոխել։ Խնդիրը կլուծվի ընտրություններից հետո, երբ համայնքը կունենա ընտրված համայնքապետ։ 

«Այս պահին երկու աղբատար մեքենայի կարիք ունենք, վերամբարձ կռունկի խնդիր ունենք։ Այս տարի չէ, բայց եկող տարի այդ խնդիրը պետք է անպայման լուծենք», - ասաց համայնքապետը։

Սիսիանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը ևս մտնելու է ընտրապայքարի մեջ։

«Ես առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունով։ Արդեն իսկ նկատվում է, որ տարբեր կուսակցություններում աշխատանքներ տարվում են։ Մենք նույնպես աշխատանքներ տանում ենք՝ ծանոթանում ենք խնդիրներին։ Այս մեկ տարվա ընթացքում հասցրել եմ ավելի խորությամբ ուսումնասիրել խնդիրները։ Հիմնական խնդիրը շարունակում է մնալ ասֆալտապատման, տանիքների նորոգման, ջրագծերի անցկացման և աշխատատեղերի բացակայության խնդիրը», - ասաց Արմեն Հակոբջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան