Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդի՝ Արցախ մեկնելու կոչին ընդամենը մեկ «լաո» է արձագանքել

Ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդի՝ Արցախ մեկնելու կոչին  ընդամենը մեկ «լաո» է արձագանքել
Հայաստան
16:00, 05 август 2022
Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից, գյումրեցի Միշա Դավթյանը օգոստոսի 4-ին, Արցախում ադրբեջանական վերջին սադրանքից հետո իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել կոչով՝  եւ առաջարկել կապ հաստատել իր հետ՝  «սկսած Իշխան Սաղաթելյանից ու իր կուսակցությունից, վերջացրած «դավաճան» գոռացողից»։ «Պահը հասունացել է, թշնամին սադրում է եւ Արցախը Ձեզ է կանչում։ 5000 հոգի օպերայում հավաքվողներից,գոնե 50 հոգի կապնվեք ինձ հետ, եւ այսօր երեկոյան կշարժվենք դեպի Արցախ»,- մասնավորապես գրել էր Դավթյանը։ Նրա գրառումը մեծ տարածում է գտել Ֆեյսբուքում, երիտասարդի կոչը զետեղել են նաեւ մի շարք կայքեր։ Civic.am-ը Միշա Դավթյանից հետաքրքրվեց՝ եղե՞լ են իր  կոչին արձագանքողներ եւ եթե այո, ապա քանի հոգի։ 

«Երեկվանից արձագանքել է մոտ 12 հոգի, որոնց մեծ մասը կռված տղերք են։ Երկու հոգին էլ շինարար են, որոնք պատրասակամություն են հայտնել թողնել իրենց աշխատանքը եւ եթե կարիք կա՝ մեկնել առաջնագիծ։ Ինձ հետ կապ հաստատածներից մեկն էլ կին է, ամուսնացած, ունի երկու աղջիկ։ Մի քանի հոգի էլ սփյուռքից են զանգել՝ Ֆրանսիայից եւ Գերմանիայից, իրենց պատրաստակամությունն են հայտնել թե՛ ֆինանսապես, թե՛ դեղորայքի թե տարբեր տեսակի օգնությունների հետ կապված լուծել ինչ-որ հարցեր։  Ես ասել եմ՝ առայժմ սպասնեք, եթե սրացումներ կլինեն սահմանին, մենք մեր քայլերն անպայման կիրականացնենք»։

Դավթյանը նշեց, որ նախօրերին՝ օգոստոսի 3-ի  երեկոյան,  մի քանի հոգով մեկնել են Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, հանդիպել համայքի նախկին ղեկավար, այժմ Վարդենիսի ավագանու ՔՊ խմբակցության անդամ  Արամ Մելքոնյանին, որը, ըստ մեր զրուցակցի, «զինվորականության հետ  կապ ունեցող մարդ է, այդ տարածքի զինվորական անձնակազմն իրեն ընդունում է որպես իրենց պես զինվոր»։ «Տեղեկություններ շրջանառվեցին Գեղամասարում, հետո էլ՝  Խնձորեսկում տեղի ունեցող սրացումների մասին։ Լուր էինք ստացել նաեւ, որ Վարդենիսի մոտ եւս զորքերի կուտակումներ կան, գնացինք, որպեսզի տեղում հասկանանք իրավիճակը, գուցե ինչ-որ խնդիր կա, գուցե ինֆրմացիան մեզ սխալ են տալիս։ Գնացինք, հանդիպեցինք, հասկացանք, որ էդտեղի հետ կապված խնդիր չկա, այն ինֆորմացիան, որը մեզ ներկայացվել էր, ուռճացված էր, եւ  նորից ետ եկանք։ Բայց ԳՇ-ի հետ ունենք պայմանավորվածություն, իրավիճակի զարգացումներից ելնելով, եթե անհրաժեշտություն լինի, մենք առաջիններից ենք լինելու, որ գնալու ենք։ 44-օրյա պատերազմ տեսած երկրի քաղաքացու, ապրիլյան պատերազմի մասնակցի   ապրումներով մինչեւ օրս ապրում եմ ու հանգսիտ չեմ գտնում։ Ոմանց համար անկողինը հանգստանալու վայր է, իսկ ես, երբ պառկում եմ, ավելի անհանգիստ եմ»,- նշեց Դավթյանը, որի եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Ես չեմ մասնակցել վերջին պատերազմին, քանի որ Ապրիլայն պատերազմի ժամանակ  հիվանդություն եմ ձեռք բերել, որի հետ կապված 2023 թվականի դեկտեմբերի 22-ին պետք է «կամիսիա» անցնեմ, ինչից հետո նոր պարզ կլինի՝ ես պատրաստ ե՞մ շարունակելու․․․Բայց այս անգամ եթե ինչ-որ բախում լինի, ես չեմ նայելու զինկոմիսարիատներին ու հաստատ գնալու եմ»։ Դավթյանը  նշեց, որ 44-օրյա պատերազմին թեեւ չի մասնակցել, սակայն իր ընկերների հետ հիմնած «Ամուր թիկունք» ՀԿ-ի միջոցով որքան կարողացել՝ աջակցել է պատերազմի մասնակից կամավորականների, Ղարաբաղից Հայաստան եկած ընտանիքներին։ 

Անդրադարձանք նաեւ օգոստոսի 1-ից մեկնարկած՝ պատեստազորայինների եռամսյա ուսումնական վարժանքներին եւ դրան մասնակցելու ծանուցագրեր ստացած ընդդիմության որոշ անդամների, համակիրների դժգհությանը։ Նրանցից մեկն, օրինակ, մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել եւ այդ հավաքներին չմասնակցելու, այսինքն՝ դասալքության կոչ արել՝ հետեւյալ հիմնավորմամբ․ «Բանակի հավաքներին մասնակցելը անհրաժեշտ է ցանկացած պահեստազորի՝ գիտելիքները վերականգնելու համար, բայց ոչ դավաճանի հրամանատարության տակ անցնելով, իհարկե։ Որեւէ դատ, որեւէ պատիժ չի կարող կիրառվել դավաճանի հրամանը չկատարելու համար»։

Որպես պահեստազրային՝ ինչպե՞ս է վերաբերվում իր տարեկիցների նման կոչերին։ «Ինձ իմ ֆեյսբուքյան կոչից հետո զանգեց մի տղա, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորված է եղել, անունն էլ  Արա է՝ Եղեգնաձորից։ Եղբայրն էլ  ծառայում է եւ  այդ  պահին կանգնած էր սահմանին։ Նա, ընդ որում, մի քանի անգամ զանգեց  եւ ասաց՝ ես պատրաստ եմ հենց հիմա գալ ու մենք նորից Արցախ գնանք։ Ես հասկացա, որ կռվող մարդը, որը զգացել է, տեսել է՝ ինչ է կռիվը, իր համար կարեւոր չի, թե  ով է իր հրամանատարը, ով է այդ պահին երկրի իշխանությունը կամ ընդդիմությունը, նրա համար ամեն ինչից վեր հայրենի հողն է, իր պարտքը այդ հողի հանդեպ։ Այնպես որ, ձեր նշած մարդու հայտնած միտքը ոչ տեղին է, կոչն էլ՝ մի քանի հազար անգամ է ոչ տեղին։ Ինչ վերաբերում է «դավաճան» ասվածին, ապա մի դիտարկում՝ եթե, ինչպես իրենք են ասում, երկրի իշխանւթյունը դավաճան է, եւ եկել է հայրենիքը հանձնելու, ապա այդ դեպքում ինչո՞ւ է վարժական հավաքներ անցկացնում։ Յուրաքանչյուր ադեկվատ ու գիտակից մարդ պիտի հասկանա, որ վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների մարտական ոգին ամրապնդելը, ֆիզիկական պատրաստականությունը վերականգնելը, կատարելագործելը, ռազմական  գիտելիքները թարմացնելն է ։ Հայրենիքը հանձնելու նպատակ ունեցող «դավաճանն» այդ դեպքում ինչո՞ւ է վարժական հավաքներ անում, էն է՝ միանգամից կհանձնի ու կպրծնի»,- ի պատասխան ասաց մեր զրուցակիցը։  

Հ․Գ․ Միշա Դավթյանը նշեց, որ իր կոչին արձագանքել է նաեւ ֆեյսբուքյան մի օգտատեր, որն իրեն մեղադրել է պառակտիչ հայտարարություն անելու, հասարակության մի խումբ ներկայացուցիչների վիրավորելու մեջ։ «Ասում է՝ դուք տեղյակ չեք, թե ովքեր են կանգում Օպերայում, որոնց ուղղել էիք ձեր կոչը։ Դուք վիրավորում եք բոլորին։ Ես էլ արձագանքեցի, թե ասելիքս պարզ շարադրված է իմ կոչում։ Եթե Ֆրանսիայի հրապարակում կամ այլ հավաքի ժամանակ հնչող  20 րոպեանոց ելույթում 100 անգամ կրկնվում է դավաճան դառը, սակայն դրա իրավական հիմնավորումները չեն բերվում, գոնե մեկ փաստ չի դրվում ժողովրդի առաջ, ապա այդ ելույթների հեղինակները  ինձ համար օդից խոսող մարդիկ են։ Եւ երբ 5000 հոգու մասին շեշտել եմ իմ կոչում, խոսքը «լաո»-ների մասին է, շեշտել եմ տեղին, եւ այդ 5000 հոգուց  միայն մեկ հոգի է  եղել, այդ դաշնակցական տղան, որն  ինձանից, փաստորեն, պարզաբանում  պահանջեց եւ հավաստիացրեց, թե իրենք արդեն զինվորագրվել են, ԳՇ-ի հետ պայմանավորվածություն ունեն։ Բայց դա պետք է պարզել։ Այսօր ԳՇ տերմինը շատեր են օգտագործում, բայց նույնիսկ չգիտեն, թե ինչպես է այդ հապավումը բացվում»,- նշեց Դավթյանը։

Հեղինե Մանուկյան