Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը շարունակաբար չի կատարում հայ գերիների խոշտանգման հարցերով ՄԻԵԴ վճիռները, ինչու՞ մինչ օրս չի զրկվել ԵԽ-ին անդամակցությունից

Ադրբեջանը շարունակաբար չի կատարում հայ գերիների խոշտանգման հարցերով ՄԻԵԴ վճիռները, ինչու՞ մինչ օրս չի զրկվել ԵԽ-ին անդամակցությունից
Հայաստան
14:25, 05 август 2022
Ադրբեջանը շարունակաբար չի կատարում հայ գերիների խոշտանգման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի, կայացրած վճիռներն՝ այդ թվում՝ Արթուր Բադալյանի, Մանվել Սարիբեկյանի, Մամիկոն Խոջոյանի, Կարեն Պետրոսյանի։ Ի դեպ՝ այս անձինք, որոնք զինծառայողներ չէին, մոլորվել էին տեղանքում ու գերեվարվել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Վերջին չորսը՝ խոշտանգման հետևանքով մահացել են, իսկ Արթուր Բադալյանը դարձել է հաշմանդամ։  Ադրբեջանը չի կատարել նաև 18 տարի առաջ Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը։ 

«Վճիռների կատարումը գտնվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մենք ունենք մեր նախարարը և այստեղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը լուրջ անելիքներ ունի»,-այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել էր փաստաբան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանը։

Մենք թեմայի շուրջ հարցեր էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեում ԵԽ անդամ երկրի՝ Հայաստանի, ներկայացուցիչ Արարատ Միրզոյանին։ Նախարարից հետաքրքրվել էինք՝ արդյոք ՄԻԵԴ վճիռների կատարումը գտնվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո, եթե այո՝ ապա ինչ փուլում է, երբ տեսանելի կլինեն արդյունքները։ Սակայն ՀՀ ԱԳ նախարարությունից անդրադարձել են միայն Ադրբեջանում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերաբերյալ հարցին՝ նշելով հետևյալը․ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը դեռևս վճիռ չի կայացրել, այլ ընդունել է միջանկյալ որոշումներ, որոնց կատարման նկատմամբ ԵԽ նախարարների կոմիտեն անմիջական վերահսկողություն չի իրականացնում»։  

ՀՀ ԱԳՆ պատասխաններն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

- ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից չկատարվող ՄԻԵԴ վճիռների մասով, ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառվել Ադրբեջանին պարտադրելու կատարել ՄԻԵԴ վճիռները և արդյոք կիրառվու՞մ է։

- Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի /ՄԻԵԿ/ 46․2 հոդվածի համաձայն «Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ»։ Նախարարների կոմիտեն վերահսկում է ԵԽ անդամ բոլոր 46 պետությունների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ հիմք ընդունելով ՄԻԵԿ-ը, ԵԽ կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ կանոնները, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեի համապատասխան որոշումները։ 

- ՄԻԵԴ վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո՞ է, ի՞նչ փուլում է, ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները։

- Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը դեռևս վճիռ չի կայացրել, այլ ընդունել է միջանկյալ որոշումներ, որոնց կատարման նկատմամբ ԵԽ նախարարների կոմիտեն անմիջական վերահսկողություն չի իրականացնում։ Այնուամենայնիվ, ելնելով գործի բնույթից, ՄԻԵԴ-ը 2021թ․ մարտի 9-ին, Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի կողմից Դատարանի՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերաբերյալ միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքի մասին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ 2021թ․ ապրիլի 28-ին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1402-րդ նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համապարփակ և բովանդակային քննարկում հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի և Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ միջանկյալ միջոցների չկատարման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ԵԽ անդամ մեծ թվով երկրներ, ԵԽ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը հրապարակել է ԵՄ հայտարարությունը, որտեղ հատուկ կարևորվում է «ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից» և ընդգծվում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցելու Ադրբեջանի պարտավորությունը։ Հայտարարությանը միացել են նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ։  

- Հնարավո՞ր է Ադրբեջանին զրկել Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ՄԻԵԴ վճիռները շարունակաբար չկատարելու պատճառով, եթե այո՝ ապա ՀՀ ԱԳՆ-ն ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, ինչ ակնկալիք ունի և ինչու՞ մինչ օրս Ադրբեջանը չի զրկվել ԵԽ-ին անդամակցությունից։ 

- Ըստ ՄԻԵԿ 46․4 հոդվածի «Եթե Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ գործով, որպես կողմ հանդես եկող Բարձր պայմանավորվող Կողմը հրաժարվում է կատարել այդ գործով կայացված վերջնական վճիռը՝ ապա կարող է՝ տվյալ Կողմին պաշտոնապես ծանուցելուց հետո, Կոմիտեի իրավասու ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մասնակցությամբ ընդունված որոշմամբ, սույն հոդվածի 1-ին կետով տվյալ կողմի ստանձնած պարտավորության կատարումը ձախողելու մասին հարցը հանձնել Դատարանին»։ ՄԻԵԿ 46․4 հոդվածով՝ Նախարարների կոմիտեի որոշման կայացումը համարվում է ծայրահեղ քայլ։ Այդպիսի որոշում Նախարարների կոմիտեն կայացրել է «Մամադովն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը։ Այս աննախադեպ քայլից ավելի քան մեկ տարի անց Ադրբեջանն իրականացրել է ՄԻԵԴ պահանջը՝ վերացնելով անօրինական դատավճռի հետևանքները։ 

2022թ․ փետրվարի 2-ին, Նախարարների կոմիտեն ՄԻԵԿ 46․4 հոդվածը կիրառել է նաև Թուրքիայի նկատմամբ «Քավալան ընդդեմ Թուրքիայի» գործով ՄԻԵԴ վճռի առնչությամբ։ 2022թ․ հուլիսի 11-ին ՄԻԵԴ Մեծ պալատը 16 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է որոշում առ այն, որ Թուրքիան խախտել է ՄԻԵԿ 46-րդ հոդվածի 1-ին կետը և չի կատարել ՄԻԵԴ 2019թ․ դեկտեմբերի 10-ի վճիռը՝ շարունակելով անազատության մեջ պահել Օսման Կավալային։ ՄԻԵԿ 46․5 հոդվածի համաձայն 46․1 խախտումը ՄԻԵԴ կողմից արձանագրվելուց հետո, վերջինս այն փոխանցում է ՆԿ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։  

Եվրոպայի խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն «3-րդ հոդվածի դրույթներն էականորեն խախտող Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամի ներկայացուցչության իրավունքը Նախարարների կոմիտեում կարող է կասեցվել, և վերջինս կարող է նրան պահանջ ներկայացնել՝ դուրս գալու Եվրոպայի խորհրդից՝ 7-րդ հոդվածում նախատեսված պայմաններով։ Եթե այդ անդամը հաշվի չի առնում ներկայացված պահանջը, Կոմիտեն կարող է որոշել, որ այդ անդամի՝ Եվրոպայի խորհրդին անդամությունը դադարեցվում է իր սահմանած օրվանից»։ 

Ըստ կանոնադրության 3-րդ հոդվածի` «Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը, և այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ անդամի իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից։ Նա պարտավորվում է անկեղծորեն և արդյունավետ կերպով համագործակցել առաջին գլխում սահմանված նպատակի իրականացման համար»։ 


Նարա Մարտիրոսյան